ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՆՎԱՃԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՐՁԱԿ<br /> ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՆՎԱՃԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՐՁԱԿ
ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 20-09-2005 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս օրերին Հայաստանում է գտնվում հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը, որը սեպտեմբերի 20-ի ասուլիսում տեղեկացրեց, որ հայրենիք է եկել եւ' հանգստանալու, եւ' մասնակցելու հայրենի Վանաձորում բռնցքամարտի կենտրոնի բացմանը: Նշվեց, որ կենտրոնը կրում է նրա առաջին մարզչի` Վազգեն Բադալյանի, անունը: Վ.Դարչինյանն Ավստրալիայից, ուր բնակվում է, բերել է բարձրորակ հանդերձանք, որը կենտրոնի բացման ժամանակ նվիրելու է վանաձորցի պատանի բռնցքամարտիկներին եւ նրանց մարզիչներին: Սիրողական ռինգում հայ բռնցքամարտիկ Վ.Դարչինյանը քիչ հաջողություններ չի ունեցել: Հայաստանի հավաքականի անդամը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության, Եվրոպայի առաջնության, Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր, հաղթել է մի շարք միջազգային մրցաշարերում, բազմիցս նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Սիդնեյի 2000թ. օլիմպիադայից հետո, որտեղ Վ.Դարչինյանը գրավեց 5-րդ տեղը, նա համալրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների շարքերը: Վերջին չորս տարվա ընթացքում Վախթանգը տպավորիչ արդյունքների է հասել: Պրոֆեսիոնալ ռինգում նա 24 մենամարտ է անցկացրել եւ բոլորում հաղթել, ընդ որում 19-ը` նոկաուտով: Դարչինյանը նվաճել է թեթեւ քաշում (51 կգ) աշխարհի չեմպիոնի կոչումը Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի (IBF) եւ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (IBO) վարկածով: 29-ամյա բռնցքամարտիկը չի բավարարվում ձեռք բերածով եւ ձգտում է նվաճել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Իր առաջիկա մենամարտը կանցկացնի հոլանդացի բռնցքամարտիկ Դամիեն Քելլիի հետ այս տարվա նոյեմբերի վերջին:
Նոյյան տապան  -   Սպորտ