Առևտրային նոր բաժանորդներին ցանցին միացնելու գործող կարգը խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը Հայաստանում


Առևտրային նոր բաժանորդներին ցանցին միացնելու գործող կարգը խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը Հայաստանում

  • 29-09-2011 12:21:19   | Հայաստան  |  Տնտեսություն
Թեեւ Հայաստանի իշխանությունները բոլոր առիթներով բարձրաձայնում են փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը խթանելու մասին, առեւտրային նոր բաժանորդներին էլեկտրա-, գազա- եւ ջրամատակարարման ցանցերին միացնելու գործող կարգն իրականում արգելակում է փոքր ձեռնարկությունների հիմնումը։ Այս մասին հայտնեց Էներգետիկների համահայկական ասոցիացիայի նախագահ Սլավիկ Սարգսյանը։ «Ենթադրենք, մեկն ուզում է փոքր բիզնես հիմնել եւ իր արտադրամասը կամ օբյեկտը ցանկանում է միացնել էլեկտրացանցին՝ եռագազ հոսանք ունենալու համար։ 400-500 հազար դրամի միայն մուծում պետք է կատարես որպես բաժանորդ գրանցվելու համար, ենթակայանից մինչեւ օբյեկտ 50 մետր լարանցում կատարելու համար նույնքան ծախս է անհրաժեշտ»,- նշեց ասոցիացիայի նախագահը։ Ըստ նրա, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համարում է, որ եթե այդ աշխատանքի ծախսը կատարի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կմեծանա։ «Ատոմակայանի արտադրադրած էլեկտրաէներգիայի 1 կՎտ-ի ինքնարժեքը 4 դրամ է, Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադինը՝ մինչեւ 4 դրամ, մյուս ՀԷԿ-երինը՝ 1-2 դրամ։ Թող բոլորի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը հաշվվի 4 դրամ, թող 4-ական դրամ էլ հաշվվի էլ.էներգիա արտադրողների շահույթը, ՀԷՑ-ի շահույթը եւ այլ ծախսերը, գումարը ստացվում է 16 դրամ, բայց ախր վերջնական սպառողին 1 կՎտ-ն 30 դրամով են վաճառում»,- պարզաբանեց Ս.Սարգսյանը՝ եզրակացնելով, որ էլ.եներգիայի առեւտրային անձ նոր սպառողներին որպես բաժանորդ գրանցման եւ դեպի նրանց օբյեկտ լարանցման ծախսերը ՀԷՑ-ի բաշխած էլ.էներգիայի ինքնարժեքի վրա չեն կարող ազդել։ Նա շեշտեց, որ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրություն զարգացնելու համար, բացի այն, որ էլեկտրա-, գազա- եւ ջրամատակարարման առեւտրային նոր բաժանորդների միացման ծախսերը պետք է թողնել այդ հանրային ծառայությունները մատուցողների վրա, որոնք գերշահույթներ են ստանում, այլեւ պետք է նվազեցնել այդ ծառայությունների սակագները։ «Որտե՞ղ է տեսնված որ եւ լարանցման համար վճարես, եւ մալուխի արժեքը, հետո էլ ինքնարժեքը կրկնակի գերազանցող գնով վճարես էլեկտրաէներգիայի համար»,- ասաց ասոցիացիայի նախագահը։ Նա տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ ոչ առեւտրային բաժանորդների պարագայում ՀԾԿՀ-ն հաստատել է, որ նշված ծախսերը պետք է կատարի ՀԷՑ-ը, առեւտրային բաժանորդների պարագայում, երբ անհրաժեշտ է եռաֆազ հոսանք՝ բաժանորդները։ «Գիտեմ շատերին, ովքեր հենց էներգամատակարման եւ գազամատակարարման հնարավորություններ ստեղծելու նման անիմաստ պայմանների պատճառով հրաժարվել են Հայաստանում նոր բիզնես հիմնել»,- նշեց ասոցիացիայի նախագահը, մտավախություն հայտնելով, որ երկրի բարձարգույն ղեկավարությունը տեղյակ չէ փոքր եւ միջին ձեռնարկությունների հինադիրների առջեւ ծառացող նշված դժվարությունների մասին։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play