ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն է տվել ևս երկու ընկերությունների


ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն է տվել ևս երկու ընկերությունների

  • 13-10-2011 15:14:17   | Հայաստան  |  Տնտեսություն
Հոկտեմբերի 13-ի նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարությունը մինչեւ 2014 թ. հոկտեմբերի 15-ը հետաձգել է ներդրումային ծրագրով «Ախթամար» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ նշված ՓԲԸ միջեւ կնքվելիք պայմանագրի նախագծին։ Ծրագրի համաձայն ընկերությունը Գեղարքունիքի մարզի մոտ 20 հա տարածքում նախատեսում է ստեղծել զբոսաշրջային մեծ համալիր, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, ժամանցային տարբեր կենտրոններ, ինչպես նաեւ լեռնադահուկային երթուղային ցանց, մոտ 110 մշտական աշխատատեղ։ Կառավարության որոշմամբ «Դելֆինարիում-Նեմո» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2014 թ. նոյեմբերի 25-ը։ Դելֆինարիումը Երեւանում գործում է 2010 թ. դեկտեմբերից եւ արդեն իսկ դարձել է մայրաքաղաքի բնակիչների սիրված վայրը։ Որոշման ընդունումը թույլ կտա պահպանել առկա աշխատատեղերը, շարունակական դարձնել բնապահպանական գիտելիքների տարածումը։ ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որը վերաբերում է սերմերի ձեռքբերմանը եւ ներկրմանը, կատարել է փոփոխություն` ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցնելով 2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացուից մինչեւ 50 տոննայի բաշխումն ըստ մարզերի իրականացնել 5 եւ ավելի հեկտար (նախկին 7 եւ ավելի հեկտարի փոխարեն) հողատարածք ունեցող շահառուներին։ 2011 թ. հոկտեմբերի 14-16-ը կայանալիք հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովի կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play