ՀՀ վարչապետն ընդունել է «Արմմոնո» թատերական 10-րդ փառատոնի շրջանակում Երևան ժամանած լիտվական պատվիրակությանը


ՀՀ վարչապետն ընդունել է «Արմմոնո» թատերական 10-րդ փառատոնի շրջանակում Երևան ժամանած լիտվական պատվիրակությանը

  • 29-02-2012 16:48:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետը պարգեւատրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսին Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ ամենամյա փառատոնի շրջանակում Երեւան ժամանած լիտվական պատվիրակության անդամներին` Լիտվայի Հանրապետության մշակույթի փոխնախարար Դեվիդաս Ստանպոնկուսին, մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Նոմեդա Զենկենեին, հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը: Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Ռեգիմանտաս Ադոմայտիսը լեգենդար մարդ է Հայաստանում: Նրան բոլորը շատ լավ են ճանաչում եւ հիշում: Առանձնահատուկ կապ կա Ձեր եւ Հայաստանի միջեւ, եւ առավել եւս եթե դա վերաբերում է մշակույթին, կինոարվեստին եւ թատրոնին, մեր ժողովրդի կողմից ենթագիտակցորեն առավել զգացմունքային է ընկալվում: Դուք գիտեք, որ շատ մշակութային նորմեր փոխանցվում են հենց կինոյի միջոցով, եւ այդ տեսանկյունից Դուք արվեստի այն դեմքերից եք, ում մեր ժողովուրդը իրենն է համարում: Շատ հաճելի է ընդունել Ձեզ Հայաստանում»: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կողմերը քննարկել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Վարչապետ Սարգսյանը կարեւորել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի ոլորտում համաձայնագրի» ստորագրումը, ինչը նոր լիցք կհաղորդի հայ-լիտվական մշակութային կապերի սերտացմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրներում ժողովրդավարական արժեքների հաստատման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման հարցերի շուրջ: Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ եւ համաշխարհային ու լիտվական կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի, անզուգական վարպետության համար Տիգրան Սարգսյանը Ռեգիմանտաս Ադոմայտիսին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: *** 2012 թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը Երեւանում անցկացվելու է մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ ամենամյա հոբելյանական փառատոնը, որի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ «Սայաթ-Նովա» ու «Վահագն» մրցանակաբաշխությունների կենտրոն» ՀԿ-ն: 10-րդ հոբելյանական փառատոնի հիմքում «լիտվական» ծրագիրն է` նվիրված Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական եւ մշակութային կապերի հաստատման 20-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնի բացմանը ներկա կգտնվի լիտվական պատվիրակությունը: Փառատոնի շրջանակում փետրվարի 29-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսի ստեղծագործական երեկոն (դերասանը հանդես կգա իր մոնոլոգներով, արտասանական վարպետությամբ, կներկայացնի իր ստեղծագործական ուղին): Փառատոնին հյուրընկալվելու են նաեւ Գերմանիայից, Սերբիայից, Լեհաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից մոնոներկայացումների փառատոնների տնօրեններ եւ թատերական գործիչներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play