Թեղուտցիներին դաժան ծեծի են ենթարկել


Թեղուտցիներին դաժան ծեծի են ենթարկել

  • 17-04-2012 14:39:09   |   |  Մամլո հաղորդագրություն

«Vallex Group»-ի «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանը եւ աշխատակից Արթուր Գրիգորյանը ազատվել են աշխատանքից Թեղուտի բնակիչներին դաժան ծեծի ենթարկելու համար: Կատարված միջադեպի առնչվող բոլոր հարցերի պատասխանները եւ մեղավորները պարզ կդառնան քննությունից հետո, «ԷկոԼուր»-ին ասաց «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության պետ Ռուբեն Պապոյանը: Ինչպես «ԷկոԼուր»-ին պատմեցին Թեղուտի բնակիչները, ապրիլի 16-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի հիմնարկության մոտ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցը հարվածում է մի թեղուտցու` մեքենայով փոշի բարձրացնելու համար: Անվտանգության աշխատակիցը զանգահարում է ընկերության անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին, ով մի 20 հոգով գալիս է ու գյուղամիջում դաժան ծեծի ենթարկում թեղուտցուն: Ապա ծեծի են ենթարկում այդտեղով ընտանիքի հետ անցնող մեկ այլ գյուղացու: Ծեծկռտուքի արդյունքում 5-6 թեղուտցու ծեծում են: Իր տան դիմաց ծեծում եւ կոտրում են 23-24 տարեկան Հրաչիկ Ղորթմազյանի ոտքը: Թեղուտցիների խոսքով. «Էնպես են կոտրել, որ տղային չի ընդունել ոչ Վանաձորի, ոչ Ալավերդու հիվանդանոցը: Նրան բերել են Երեւան»: Ապրիլի 17-ին թեղուտցիները` գյուղի մոտ 70%-ը, առավոտվա ժամը 6-ից փակել էին ճանապարհը` չթողնելով ընկերության աշխատակիցներին «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածք մտնել: «Մեզ ընկերությունը չի թողնում մենք գնանք մեր խաչի մոտ, հիմա էլ գյուղամիջում շարժվելն են արգելում… Գյուղի էկոլոգիական վիճակը վատացել է: Երբ առավոտյան արթնանում ես, գյուղի վրա փոշու եւ ծանր տեխնիկայի արտանետումների մեծ ամպ է գոյացել…Աշխատվարձերն ամեն անգամ քչացնում են… Ամեն ինչ փոշու մեջ կորած է, ջուր էլ չկա: Ստիպված գետից պղտոր ջուր ենք վերցնում: Իսկ որ խոսում ես այդ մասին, քեզ վրա ուրիշ աչքով են նայում, ասում են` քեզ համար հեշտ է խոսելը. դու ընկերությունից փող չես ստանում»,- ասում են թեղուտցիները: Ինչպես հայտնում են «Էկոլուր» ՀԿ-ից, գյուղացիները պահանջել են իրենց մոտ բերել թեղուտցիներին ծեծողներին, սակայն նրանց պահանջը չի կատարվել: Դեպքի վայր է ժամանել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով գյուղացիներին հորդորել է բացել ճանապարը եւ հարցը թողնել իրավապահ մարմիններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play