Բրազիլիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ստեփան Ներսիսյանը կգլխավորի «Բրազիլիա-Հայաստան» խումբը
AM RU EN WA FR

Բրազիլիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ստեփան Ներսիսյանը կգլխավորի «Բրազիլիա-Հայաստան» խումբը

20-04-2012 12:28 Բրազիլիա Քաղաքականություն
Բրազիլիայի խորհրդարանի  հայազգի պատգամավոր Ստեփան Ներսիսյանը կգլխավորի «Բրազիլիա-Հայաստան» խումբը
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին մասնակցելու համար Բրազիլիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 16-ին հանդիպեց Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռույ Նոգեյրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրազիլական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարվելիք այցը, հայ-բրազիլական տեխնիկական համագործակցությունը, երկկողմ հարբերությունները կարգավորող իրավական դաշտը: Բրազիլական կողմի խնդրանքով Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ռույ Նոգեյրան հավաստիացրեց, որ Բրազիլիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որեւէ փոփոխություն չի կրել, եւ իր երկիրը շարունակում է կիսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վերա Մաշադույի հետ: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ գոհունակություն հայտնելուց հետո կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ: Նույն օրը Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի փոխնախագահ Ռոզի դե Ֆրեյտասի հետ: Կողմերը շեշտեցին երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական կապերի ամրապնդման, փոխադարձ այցելությունների ակտիվացման կարեւորությունը: Հատուկ նշվեց բարեկամության խմբերի դերը: Այդ կապակցությամբ Ռոզի դե Ֆրեյտասը տեղեկացրեց, որ օրերս Բրազիլիայի խորհրդարանում պաշտոնապես վերակազմավորվել է «Բրազիլիա-Հայաստան» խումբը, որը գլխավորելու է հայազգի պատգամավոր, հանրահայտ դերասան Ստեփան Ներսիսյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովում նույնպես անկասկած կվերակազմավորվի «Հայաստան-Բրազիլիա» խումբը եւ հավաստիացրեց ՀՀ ԱԳՆ աջակցությունն այդ հարցում:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 1102 անգամ