Լեւոն Տեր-Պետրոսյան. «Եվս մի այսպիսի նախաձեռնողական<br /> քաղաքականություն` եւ Հայաստանից ու Արցախից ոչինչ չի մնա»<br />


Լեւոն Տեր-Պետրոսյան. «Եվս մի այսպիսի նախաձեռնողական
քաղաքականություն` եւ Հայաստանից ու Արցախից ոչինչ չի մնա»

  • 01-03-2010 21:04:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եվս մի այսպիսի նախաձեռնողական քաղաքականություն` եւ Հայաստանից ու Արցախից ոչինչ չի մնա»,- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը` մարտի 1-ի հանրահավաքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքերով, առասպել է այն խոսակցությունը, թե իբր հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մտել է փակուղի: Իրականում, ըստ ՀԱԿ-ի առաջնորդի, Թուրքիան հասել է իր ուզածին` կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, այժմ բոլորովին շտապելու կարիք չունի եւ բանակցությունները Հայաստանի հետ կշարունակի միայն ղարաբաղյան խնդրում իր ակնկալած առաջընթացի դեպքում: Լ.Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ, Թուրքիան վաղուց է ապացուցել, որ ինքը ճնշումներից վախեցող երկիր չէ: Այդ ամենը, ինչպես հայտարարեց ՀՀ առաջին նախագահը, նշանակում է, որ Ս.Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը խայտառակ կերպով ձախողվել է: Ինչ վերաբերում է մարտի 1-ի խորհրդին, ապա, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, այն առաջին հերթին տասը զոհերի ոգեկոչման եւ ոճիրը համակողմանիորեն գնահատելու օրն է: Նա հավելեց, որ խոսելով 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի մասին` շատերը մոռանում են դրանց սկզբնապատճառը` կեղծված նախագահական ընտրությունները: Առաջին նախագահը նշեց, որ եթե այդ կեղծիքը չլիներ, ժողովուրդը 10 օր շարունակ հանրահավաքների չէր մասնակցի, իսկ իշխանությունը զավթած մարդիկ բռնության դիմելու կարիք չէին ունենա: Նրա կանխատեսմամբ, գալու է մի օր, երբ 2008թ.-ի մարտի 1-ի սպանդի նախօրոք կազմակերպված լինելը Հաագայի միջազգային դատարանում դառնալու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվելիք քրեական գործի հիմնական փաստարկը: Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից առաջ հնչեցին շուրջ մեկ տասնյակ ելույթներ: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձան գազի գնի թանկացմանը` նշելով, որ դա ամենեւին կապ չունի ռուսական գազի սակագնի բարձրացման հետ: Պարզապես, Հ.Բագրատյանի խոսքերով, ՀՀ իշխանությունները այդպիսով «լրացուցիչ հարկ են դրել ժողովրդի վրա, որպեսզի վերջինս ակամա սուբսիդավորի հարուստներին»: Հանրահավաքի ավարտից հետո ցուցարարները երթով անցան Երեւանի կենտրոնական փողոցներով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play