ՔԻՀ-ը հանրաքվեյի ընթացքում փորձելու է կանխել հնարավոր ընտրախախտումները. Արտակ Կիրակոսյան


ՔԻՀ-ը հանրաքվեյի ընթացքում փորձելու է կանխել հնարավոր ընտրախախտումները. Արտակ Կիրակոսյան

  • 16-11-2015 16:11:21   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեյի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ը (ՔԻՀ) չի սահմանափակվելու միայն ընտրախախտումների արձանագրությամբ, այլ անելու է առավելագույնը դրանք կանխելու համար:
 
Ինչպես նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց 2007 թվականից դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, ինչպես նախորդ ընտրություններին, այնպես էլ այս հանրաքվեի օրը գործելու է թեժ գիծ` 080-080-804 համարով, որի միջոցով ՀՀ բոլոր քաղաքացիները Հայաստանի ողջ տարածքից կարող են տեղեկացնել ընտրական իրավունքի խախտումների մասին և ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Ըստ նրա` հանրաքվեյի օրն իրենք ԵԱՀԿ-ի հետ միասին դիտորդական առաքելություն իրականացնելու են միայն Ավան վարչական շրջանի ընտրատարածքում:
Ա. Կիրակոսյանի փոխանցմամբ` ներկայումս վերապատրաստում են անցնում շուրջ 80 դիտորդներ, ովքեր երկու հերթափոխով ողջ օրը փակ են պահելու վերոնշյալ ընտրատարածքը` հետևելով ընտրական ամբողջ գործընթացին:
«Բոլոր ընտրությունների ժամանակ մեր հիմնական նպատակն է եղել կանխարգելել հնարավոր ընտրախախտումները, այս նպատակով մշտապես սերտորեն համագործակցել ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ Ոստիկանություն և Դատախազություն»,- ասաց Ա. Կիրակոսյանը` հավելելով, որ նույն կերպ շարունակելու են աշխատել նաև դեկտեմբերի 6-ին:
Անդրադառնալով բուն Սահմանադրական բարեփոխումների գործընթացի նպատակահարմարությանը` Ա. Կիրակոսյանը նշեց, որ այն շատ կարևոր գործընթաց է արդյունքի տեսակետից, սակայն ներկայիս պայմաններում «Այո»-ի կամ «Ոչ»-ի հաղթանակը լինելու է  զուտ որպես էմոցիոնալ վերաբերմունքի արտահայտում:
Բանախոսի խոսքերով` «Այո»-ի ու «Ոչ»-ի պայքարը նման է սրամտության խաղի. «Յուրաքանչյուրը ձգտում է սրամիտ արգումնետ բերել, թե ինչու այո կամ ոչ ասել, մինչդեռ  պետք է ընտրազանգվածին լավագույն կերպով իրազեկել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին»:
Նրա պնդմամբ` լրջագույն խնդիրը շարունակում է մնալ ճնշումների միջոցով ընտրողների ուղղորդումը հենց ընտրատեղամասում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ