ԵԱՏՄ արտաքին առևտրի ծավալները շարունակում են կրճատվել.ԻՔՄ


ԵԱՏՄ արտաքին առևտրի ծավալները շարունակում են կրճատվել.ԻՔՄ

  • 18-11-2016 19:45:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է վիճակագրական տվյալներ 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵԱՏՄ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության դինամիկայի վերաբերյալ: Քանզի Հայաստանն այս տնտեսական բլոկի անդամ է, ընդհանուր միության տնտեսական զարգացման կոնյուկտուրան այլևս ՀՀ տնտեսական առաջընթացի որոշիչ գործոններից մեկն է, ուստի հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչ հիմնական միտումներ են գրանցվել առևտրաշրջանառության ոլորտում:
 
ԵԱՏՄ-ն  համաշխարհային տնտեսությունում
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին երրորդ երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 362 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը կազմել է 218.5 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 143.2 մլրդ դոլար: Սա նշանակում է, որ առևտրաշրջանառության ներկա մակարդակը 17.2%-ով կամ ավելի քան 75 մլրդ դոլարով պակաս է  2015թ. համադրելի ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից: Հատկապես անհանգստացնող է արտահանման կրճատումը, քանզի 2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ 2016թ. ԵԱՏՄ համախառն արտահանումը կրճատվել է 23.5%-ով կամ մոտ 67.1 մլրդ դոլարով: 
Զուգահեռաբար կրճատվել է երրորդ երկրներից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կատարվող ներմուծման ծավալը: Մասնավորապես, 2015թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներմուծումը կրճատվել է 5.3%-ով կամ 8.1 մլրդ դոլարով: Պետք է սակայն նշել, որ ներմուծման այսպիսի կրճատումը օտարերկրյա ներմուծվող ապրանքները ազգային ապրանքատեսակներով փոխարինելու արդյունք չէ, այլ բխում է սպառողների կենսամակարդակի կրճատումից և դրանով պայմանավորված սպառման նվազումից: Այս ամենի արդյունքում ԵԱՏՄ անդամ երկրների արտաքին առևտրի սալդոն նվազել է ավելի քան 40 տոկոսային կետով՝ 134 մլրդ դոլարից հասնելով 75.3 մլրդ դոլարի:
 
ԵԱՏՄ տնտեսական գործընկերները
 
Համանման անկում է ապրել նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրը: 2016թ. ԵԱՏՄ ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 29.5 մլրդ դոլար, ինչը ավելի քան 14%-ով զիջում է 2015 թ. համադրելի ժամանակահատվածի ցուցանիշին: Կրկին հետաքրքրական է , որ միայն Հայաստանն է կարողացել ապահովել արտահանման աճ դեպի բոլոր անդամ երկրներ ՝ ընդհանուր առմամբ ավելացնելով արտահանման ծավալները 55 տոկոսային կետով: Բացառությամբ Հայաստանից կատարվող արտահանման ՝ աճ գրանցվել է միայն Բելառուսից դեպի Ղրղզստան (4% աճ) և Ղրղզստանից դեպի Ռուսաստան (18% աճ) կատարվող արտահանման գծով, իսկ ահա մնացած բոլոր առևտրային ուղղություներում գրանցվել է շոշափելի անկում: Այսպես, Բելառուսից դեպի ԵԱՏՄ  անդամ երկրներ կատարվող արտահանումը կրճատվել է 2.7%-ով, Ղազախստանից կատարվող արտահանումը՝ 31.6%-ով, Ղրղզստանից արտահանումը՝46.6%-ով և Ռուսաստանից արտահանումը՝ 15.6%-ով: Համանման պատկեր է ստացվել նաև ներմուծման ոլորտում. ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Բելառուս կատարվող ներմուծումը կրճատվել է 13%-ով, դեպի Ղրղզսատան ներմուծումը կրճատվել է 29.1%-ով, դեպի Ղազախստան՝ 24%-ով, իսկ ահա դեպի Ռուսաստան ներմուծումը կրճատվել է 9.3%-ով: Այստեղ ևս Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ԵԱՏՄ-ից կատարվող ներմուծման ծավալները ոչ միայն չեն նվազել, այլև գրանցել են 2.95% աճ:
Վիճակագրական այսպիսի տվյալները կասկած են հարուցում ոչ միայն ԵԱՏՄ-ի՝ որպես ինտեգրացիոն միավորի տնտեսական պոտենցիալի և տնտեսական հեռանկարների վերաբերյալ, այլև դրա անդամ երկրների ազգային տնտեսությունների մրցունակության վերաբերյալ: 
 
Անդրանիկ Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play