Հայաստանը 2020թ.-ին մտադիր է հասնել 84-տոկոսանոց պարենային ինքնաբավության մակարդակի


Հայաստանը 2020թ.-ին մտադիր է հասնել 84-տոկոսանոց պարենային ինքնաբավության մակարդակի

  • 23-04-2011 15:41:15   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Պարենային անվտանգության ապահովման հայեցակարգով նախատեսվում է երկրի պարենային ինքնաբավության մակարդակը 2015թ.-ին հասցնել 77, իսկ 2020թ.-ին՝ 84 տոկոսի: Ինքնաբավ են համարվում այն արկրները, որոնք ունեն 80-տոկոսանոց մակարդակ, Հայաստանը ներկայումս ունի ընդամենը 58 տոկոս ինքնաբավության մակարդակ։ Ապրիլի 23-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ նախօրեին ՀՀ ԱԱԽ նիստում հավանություն է տրվել ազգային անվտանգության ապահովման տեսակետից գերակա նշանակություն ունեցող այս հայեցակարգին։ Դրանում, ըստ Ա,Բաղդասարյանի, հաշվի են առնված երկրի պարենային անվտանգությանն առնչվող բոլոր հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ մշակված են դրանք չեզոքացնելու հստակ հայեցակարգային մոտեցումներ: Հայեցակարգը նպատակ ունի բարձրացնել երկրի պարենային անվտանգության եւ պարենային ինքնաբավության ապահովման մակարդակը. «Պարենային անվտանգության հայեցակարգի ընդունմամբ լուրջ հիմքեր են ստեղծվում մեր երկրում տեղական արտադրությունը խթանելու ուղղությամբ, հատկապես գյուղմթերքների արտադրության ոլորտում, սահմանվում են մատչելի ու երկարաժամկետ վարկավորման մեխանիզմներ գյուղացիների, գյուղացիական տնտեսություների եւ ագրոպարենային համակարգում ներգրավված արդյունաբերական ձեռնարկությունների համար, ներդրվում ապրանքային վարկավորման մեխանիզմներ՝ գյուղատնտեսական տեխնիկայի, սերմացուների, անհրաժեշտ նյութերի եւ այլն»,- ասաց ԱԱԽ քարտուղարը։ ԱԱԽ նիստում քննության է առնվել նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման նախագիծը: Դրա ընդհանուր երկարությունը կազմելու է 548 կմ եւ ձգվելու է Մեղրիից մինչեւ Բավրա։ Ինչպես նշեց Ա.Բաղդասարյանը, նախագծի առաջին փուլը նախատեսվում է սկսել 2011թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին։ «Սա աննախադեպ ենթակառուցվածքային ծրագիր է եւ ունի տարածաշրջանային նշանակություն»,- ասաց Ա.Բաղդասարյանը, նշելով, որ մայրուղին կբարելավի Հայաստանի, Վրաստանի ու Իրանի ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Նա նշեց նաեւ, որ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման արդյունքում շուրջ 190 կմ -ով կկրճատվի ներկայումս 640 կմ կազմող Երեւան-Բաթում ավտոճանապարհը։ ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել նաեւ ավտոմայրուղին կառուցել ոչ թե շուրջ 15 տարվա երկարակեցություն ունեցող ասֆալտապատման եղանակով, այլ 25-32 տարվա երկարակեցություն ապահովող բետոնային հիմքով ասֆալտապատման եղանակով, որը կիրառվում է եվրոպական առաջատար երկրներում։ ԱԱԽ նիստում քննարկվել է նաեւ Հարկային ու մաքսային համակարգերի 2011-13թթ. –ի բարեփոխումների ծրագիրը, որը մշակվել է՝ հաշվի առնելով Եվրամիության լավագույն փորձը՝ ԵՄ խորհրդատվական խմբի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Ըստ Ա.Բաղդասարյանի, ծրագրով նախատեսվում է Հայաստանի հարկային եւ մաքսային օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, առաջին անգամ երկրում ներդնել ռիսկերի կառավարման համակարգ, ինչպես նաեւ էլեկտրոնային հայտարարագրման եւ վճարման միասնական համակարգ։ Նախատեսվում է իրականացնել լուրջ հակակոռուպցիոն միջոցառումներ, ինչպես նաեւ հարկային ու մաքսային ոլորտների աշխատակիցների պատրաստում ու վերապատրաստում։ ԱԱԽ խորհրդի կազմում ԱԺ «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընդգրկումը Ա.Բաղդասարյանը շատ օրինաչափ ու հիմնավոր որոշում է համարում՝ «ԲՀԿ»-ն քաղաքական իշխող կոալիցիայի առանցքային դերակատարներից մեկն է, եւ խմբակցության ներկայացուցիչը ժամանակին եղել է ԱԱԽ անդամ։
Նոյյան տապան  -   Քաղաքական