Հովհաննես Իգիթյան. Շարունակում են չլուծված մնալ<br /> քաղբանտարկյալների, հանրահավաքների անցկացման, ԶԼՄ-ների ազատության<br /> եւ մարտի 1-ի բացահայտման խնդիրները<br />


Հովհաննես Իգիթյան. Շարունակում են չլուծված մնալ
քաղբանտարկյալների, հանրահավաքների անցկացման, ԶԼՄ-ների ազատության
եւ մարտի 1-ի բացահայտման խնդիրները

  • 31-03-2009 16:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 30-ի նիստում 225-րդ եւ 300-րդ քրեական հոդվածների վերաշարադրման մասին հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանի զեկույցը եվրոպացիներն ընկալել են որպես առաջընթաց: Այսպիսի տեսակետ հայտնեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը մարտի 31-ի ասուլիսում` նշելով, որ այդ կարծեցյալ առաջընթացի մասին պատկերացումը եվրոպական պաշտոնյաների մոտ ձեւավորվել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Դ.Հարությունյանի շնորհիվ: «Երբ ԵԽԽՎ-ի համազեկուցողները եկան Ա.Հովսեփյանի մոտ, նա բողոքեց նշված հոդվածներից եւ ասաց, որ դրանք հնարավորություն չեն տալիս նորմալ մեղադրանքներ առաջադրել»,- ասաց Հ.Իգիթյանը: Դրանից հետո, նրա խոսքերով, համազեկուցողներն այցելեցին Հ.Աբրահամյանին, ինչի արդյունքում ԱԺ-ն Դ.Հարությունյանի միջոցով փոխեց քրհոդվածները: Հ.Իգիթյանը նշեց, որ «արդյո՞ք Հայաստանում ժողովրդավարության կայացման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել» հարցի պատասխանը ի վերջո պետք է տա հայ հասարակությունը: Իսկ հասարակությունը, ինչպես ընդգծեց ՀՀՇ-ի ներկայացուցիչը, շատ լավ գիտի, թե ինչ է կատարվել մարտի 1-ին, ով է սպանել 10 քաղաքացիներին, ում հրամանով, ովքեր են եղել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակում 2008թ.-ի փետրվարի 29-ին` խաղաղ ցուցարարներին ցրելու մասին քննարկումների ժամանակ: Նա, սակայն, չմասնավորեցրեց, թե ովքեր են եղել Ռ.Քոչարյանի աշխատասենյակում: Հ.Իգիթյանը հայտարարեց, որ Հայաստանում առկա չորս հիմնական խնդիրները շարունակում են մնալ չլուծված` քաղբանտարկյալները ազատ արձակված չեն, հանրահավաքները չեն թույլատրվում, լրատվամիջոցները ազատ չեն գործում, մարտի 1-ի դեպքերի մեղավորները պաշտոնապես բացահայտված եւ պատժված չեն:
Նոյյան տապան  -   Քաղաքական