2009թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում գործածության մեջ կդրվեն
հսկիչ-դրամարկղային մեքենաների միասնական ձեւի ժապավեններ
11-12-2008 17:30:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվարի 1-ից
Հայաստանում գործածության մեջ կդրվեն հսկիչ-դրամարկղային
մեքենաների նոր` միասնական, ձեւի ժապավեններ: Դրանց գինը եւս
միասնական կլինի բոլորի համար: Այս մասին դեկտեմբերի 11-ի
ասուլիսում հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ
Արմեն Ալավերդյանը:
Ըստ նրա, հաջորդ տարվանից ՀԴՄ-ի կտրոնների ժապավեններ
կմատակարարի «Ալեքսսերվ» կազմակերպությունը, որն այդ իրավունքը
շահել է մրցութային կարգով եւ պարտավորվել մատակարարել 5 պաշտպանիչ
շերտ ունեցող ժապավեններ: Ա.Ալավերդյանի խոսքերով, այս
փոփոխությունը թույլ կտա վերահսկել շուկայում վաճառվող ՀԴՄ
ժապավենների ծագումը եւ որակը, ինչը ներկայումս հնարավոր չէ անել
դրանց բազմազանության պատճառով: Նշվեց նաեւ, որ «Ալեքսսերվ»-ից
ժապավենների ձեռք բերմամբ գնորդը կարող է փաստաթղթերով հիմնավորել
իր ծախսերը եւ այս մասով ազատվել հարկերից: