Կառավարությունը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը
18-06-2026 15:33:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը, որի մշակումը պայմանավորված է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների մեծացման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ։ Ծրագրի իրականացումը կնպաստի նրանց ակտիվ ներգրավվածությանը հասարակական և տնտեսական կյանքում՝ ապահովելով արժանապատիվ ինքնաիրացում, լրացուցիչ եկամուտների ձևավորում և սոցիալական ակտիվության բարձրացում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքեն հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ։ Ընդ որում, աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Ծրագրի շրջանակում առաջարկվում է գործատուին եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը, աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը։ Աշխատանքի տեղավորված անձի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները փոխհատուցումը տրամադրելուց հետո ևս մեկ տարի շարունակվելու դեպքում՝ առաջարկվում է գործատուին տրամադրել նաև միանվագ աջակցություն՝ 100 000 դրամի չափով։ Առաջարկվում է ծրագիրը 2027 թ.-ին իրականացնել 200 շահառուի զբաղվածության ապահովման համար։