Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ


 

Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ

  • 18-06-2026 15:43:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գործադիրն ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի շրջանակներում ՀՀ Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։
 
Որոշմամբ առաջարկվում է Թալին- Լանջին ճանապարհահատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ՝ Թալին, Մաստարա բնակավայրերի և Անի համայնքի Լանջիկ, Սառնաղբյուր բնակավայրերի տարածքում գտնվող ընդհանուրը 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ և հաստատել դրանց օտարման գոտին։ Օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն է սահմանվել 2027 թ. մարտի 1-ը։
 
Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ի համար առաջնահերթ ռազմավարական խնդիրներից է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, այդ թվում՝ Թալին-Լանջիկ 18.7 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրի իրագործումը։
 
Ծրագրի նպատակն է վերականգնել և արդիականացնել հյուսիսից հարավ ձգվող ճանապարհը՝ առկա երկուղի ճանապարհը վերածելով միջազգային ստանդարտներին համապատասխանող 1-ին կարգի քառուղի ճանապարհի, ներառյալ նոր արհեստական կառույցների, տրանսպորտային հանգույցների կառուցումը, ճանապարհահատվածի կարևորագույն տեղամասերի և հիմնական հանգույցների լուսավորության իրականացում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն