Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. «Ռոյթերզ»
01-07-2026 18:55 Ռուսաստան Քաղաքականություն
azatutyun.am Ռուսաստանը սկսել է ծովային ճանապարհով բենզին ներմուծել Հնդկաստանից, հաղորդում է «Ռոյթերզ»-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Վերջին շաբաթներին՝ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով երկրում վառելիքի սուր պակաս է առաջացել, որն ուղեկցվում է բենզալցակայանների երկար հերթերով և բենզինի գների ռեկորդային աճով:
Կրեմլը երեկ հաստատել էր, որ Մոսկվան բանակցում է այլ երկրների հետ՝ բենզինի ներկրման հարցով, բայց թե որ երկրների՝ չէր հստակեցրել։
Ըստ «Ռոյթերզ»-ի, Հնդկաստանից Ռուսաստան է ուղարկվել երկու տանկեր՝ յուրաքանչյուրը 30,000-ից 40,000 տոննա վառելիքով:
Անցած կիրակի նախագահ Պուտինը խոստովանել էր, որ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները որոշ շրջաններում վառելիքի պակաս են առաջացրել, միաժամանակ հավելել, թե «զբաղվում են այդ հարցով»։