Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

02-07-2026 19:11 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ բժշկական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։ Ռեկտորի ընտրության մրցույթն ընթացել է՝ համաձայն բուհի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնակարգի 2026 թվականի հունիսի 26-ին։
 
Մրցույթին մասնակցելու համար գրանցվել է մեկ հավակնորդ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը: Հոգաբարձուների խորհրդի անդամների քվեարկությամբ Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
 
Նախարարի նշմամբ՝ բժշկական համալսարանը հանրապետության ամենաակտիվ բուհերից է. մասնավորապես՝ առաջատարն է միջազգային ուսանողների թվով, որը բարձրագույն կրթության ոլորտում պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից է. «Բուհերի վարկանիշավորման համակարգում առաջընթացի կարևորագույն ցուցանիշ է միջազգային ուսանողների ներգրավվածության համամասնությունը, և կարծում եմ, որ այդ իմաստով բժշկական համալսարանի փորձը նաև օրինակելի է մեր մյուս բուհերի համար։ Բուհն այս ընթացքում գրանցել է նաև բազմաթիվ այլ արդյունքներ և հաջողություններ: Կարծում եմ, որ Արմեն Մուրադյանը հաջողությամբ կշարունակի այս բնականոն գործընթացը, իհարկե, նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի և «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում»:
 
Ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ներկայացնելով համալսարանի վերջին ձեռքբերումները միջազգայնացման ուղղությամբ։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և մաղթել պաշտոնավարման արդյունավետ ընթացք:
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 171 անգամ