Բարոյական տեռորի օրինակ է. ՀԱԵ Մոսկվայի թեմը` Գարեգին Բ կաթողիկոսի դատավարության մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Բարոյական տեռորի օրինակ է. ՀԱԵ Մոսկվայի թեմը` Գարեգին Բ կաթողիկոսի դատավարության մասին

07-08-2026 14:59 Հայաստան Քաղաքականություն
Բարոյական տեռորի օրինակ է. ՀԱԵ Մոսկվայի թեմը` Գարեգին Բ կաթողիկոսի դատավարության մասին
 
Sputnik. Թեմը նշել է, որ պետական ​​լծակները հոգևորականության և այլախոհության դեմ օգտագործվում են որպես պատժիչ գործիք։
 
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների դատավարությունը հայկական իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ աննախադեպ բարոյական տեռոր է։ Այս մասին ասվում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարության մեջ։
 
Օգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված գործով առաջին դատական ​​նիստը։ Կաթողիկոսը որոշել է անձամբ ներկա գտնվել ​​նիստին։ Ընդդիմադիր խորհրդարանական «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև մի շարք հասարակական գործիչներ, մտադիր են դատարանի շենքի դիմաց ցույց անցկացնել՝ ի պաշտպանություն կաթողիկոսի։
 
«Այս օրը պատմության մեջ կմտնի որպես ամոթի և դավաճանության էջ... Սա չարագործություն է ինքնության դեմ, քանի որ հայ ժողովուրդն է դատվում ի դեմս ազգի ընտրած կաթողիկոսի և հոգևորականության, ոտնահարում են Սահմանադրությունը և կրոնական ազատության վերաբերյալ միջազգային օրենքները: Սա դատավարություն չէ, այլ անաստվածների վրեժխնդրություն, որը վկայում է ավտորիտար կառավարիչների բացահայտ հակաեկեղեցական և հակապետական ​​դիրքորոշման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
Թեմը նշել է, որ այն պայմաններում, երբ պետական ​​լծակները հոգևորականության և այլախոհության դեմ օգտագործվում են որպես պատժիչ գործիք, իսկ իշխանությունները հասարակական կարծիքը ձևավորում են պիտակների, զրպարտության և վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավոր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության և անօրինականության դեմ՝ ինքնությունը, սրբավայրերը և արժանապատվությունը պահպանելու համար։
 
Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կաթողիկոսին դատարան կանչելը անընդունելի և դատապարտելի էր համարել: Նա կոչ էր արել ՀՀ իշխանություններին հարգանքով վերաբերվել եկեղեցուն և Գարեգին Բ-ին, առկա հարցերն էլ քննարկել փոխըմբռնման մթնոլորտում: Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իր հերթին հայտարարել է, որ այս դատավարությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանում գործող կրոնական կառույցի ղեկավարն է, այլև ամբողջ աշխարհի հայության առաջնորդը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կաթողիկոսի անձի և կարգավիճակի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն անխուսափելիորեն կազդի Հայ առաքելականեկեղեցու մյուս նվիրապետական ​​աթոռների և նրանց առաջնորդների վիճակի վրա։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 72 անգամ