Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել
07-08-2026 15:18 Հայաստան Իրավունք
armtimes.com ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ, տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ, նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։
Մասնավորապես՝ դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
Բացի այդ, դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 13 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
Բացի այդ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել էին բարձր երաժշտություն, բռնություն գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել էր:
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել ՔՊ քարոզարշավից, որում երևում է, որ որոշ խմբեր խոչընդոտում են քարոզարշավի ընթացքը, փակում ճանապարհները։
Գործի շրջանակում 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ տնային կալանք ստացել, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի եղել: