Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

24-08-2026 17:18 Հայաստան Իրավունք
Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե
 
Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
ՔԿ-ից նախօրեին տեղեկացրել էին, որ երկու քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։
 
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի երկու քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:
 
Վարույթի շրջանակում ձերբակալվել էին ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:
 
«Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
​Հրապարակման բովանդակության մեջ տեղ գտած անհիմն շահարկումների կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, գիտակցելով իր արարքի համար քրեական պատասխանատվության անխուսափելիությունը, ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ, որից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:
 
Այսպիսով, լրատվական կայքի կողմից կատարված հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության մեջ խեղաթյուրել վարույթի փաստական հանգամանքները և միջամտել նախաքննության բնականոն ընթացքին:
 
​Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրությունում:
 
Ոստիկանին առերևույթ խոշտանգելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել:
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք

Կարդացել են 110 անգամ