ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ <br /> ԱՆԴԱՄ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ
ԱՆԴԱՄ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 23-04-2008 19:30:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան «Կալիֆոռնիան կուրիերի» հրատարակիչ Վերջերս ամբողջ Եվրոպայով մեկ մեծ վիճաբանություն է հասունանում այն հարցի շուրջ, թե արդյոք խոհեմ կլինի Թուրքիան ընդունել Եվրոմիություն: Եվրոպացիների մեծամասնությունը դեմ է Թուրքիայի անդամակցությանը` ելնելով կամ նախապաշարմունքից կամ անհամատեղելի իրավական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային տարբերությունների պատճառով: Թուրք ղեկավարները իրենց երկիրը Եվրոմիության պահանջներին մոտեցնելու անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխարեն ընտրել են հեշտ ուղի` քննադատել Եվրոպային հակաթուրքական եւ հակամահմեդական լինելու մեջ: Որպեսզի Եվրոմիությանը ստիպեն ընդունել Թուրքիան այնպիսին ինչպիսին այն կա, թուրք ղեկավարները ընդունել են խելացի մարտավարություն` ամբողջ մեղքը բարդել եվրոպացիների վրա, այլ ոչ թե անհրաժեշտ փոփոխություններ անելու իրենց անկարողության եւ դժկամության վրա: Թուրքերը բազմիցս հայտարարել են, որ 1963թ-ից ի վեր, երբ իրենց երկիրը առաջին անգամ դարձավ Եվրոպական Տնտեսական Համայնքի (Եվրոմիության նախորդի) ասոցիացված անդամ, եվրոպացիները խանգարել են իրենց անդամակցել Եվրոմիությանը: Բայց թուրքերը չեն ասում, որ այս երկարատեւ ձգձգման պատճառը Եվրոմիության պահանջներին նրանց երկրի անհամապատասխանությունն է, էլ չասենք, որ երեք անգամ զինվորականությունը տապալել է ընտրված կառավարությունը: Թուրքերը կարող են միմիայն իրենց մեղադրել այս բոլոր տարիների ընթացքում Եվրոմիությանը անդամակցելու իրենց անկարողունակության համար: Գոյություն ունի Եվրոմիության պահանջներին համապատասխանելու թուրքերի շահագրգռվածության բացակայության երկու հիմնական պատճառ: Առաջինը այն է, որ թուրք ժողովրդի գրեթե կեսը դեմ է Եվրոմիությանը անդամակցելուն: Թուրքիան մի ազգ է, որը բաժանված է բազմաթիվ տրամագծորեն հակադիր քաղաքական, կրոնական եւ էթնիկ խմբավորումների: Նույնիսկ Սահմանադրական Դատարանում հայց կա, որը կարող է իշխող քաղաքական կուսակցությանը հայտարարել օրենքից դուրս եւ հեռացնել նախագահին եւ վարչապետին իրենց պաշտոնններից: Արդյունքում, Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարեւոր դիլեմայի առաջ է: Նա ուզում է, որ Թուրքիան անդամակցի Եվրոմիությանը, որպեսզի պահպանի իր կուսակցության իշխանությունը արմատական ազգայնականներից եւ ռազմական քաղաքականություն վարողներից, ընդսմին խուսափելով եվրոպացիներին շատ զիջումներ անելուց, որպեսզի չմեղադրվի թուրքական ապրելակերպի հակառակորդներին զիջելու մեջ: Հետեւաբար նա անում է հնարավոր ամեն բան երեւալու համար թե ինքը կատարում է պահանջվող փոփոխությունները Թուրքիայի օրենքներում, սակայն իրականում չի կատարում դրանք: Այս քաղաքական ակրոբատիկայի լավ օրինակն է քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը քրեականացնում է «Թուրքական ինքնությունը վիրավորելը» եւ ճնշում է խոսքի ազատությունը: Այս հոդվածը հաճախակի օգտագործվում է ազգայնական դատախազների կողմից լռեցնելու այն մարդկանց ովքեր անդրադառնում են հայոց ցեղասպանությանը: Վերջին 3 տարիներին Եվրոմիության պաշտոնյաների պնդմամբ Էրդողանը բազմիցս խոստացել է փոխել այս դրակոնյան օրենքը: Ամեն խոստումից հետ Թուրքիան գովասանքների է արժանանում դյուրահավատ եվրոպացիներից: Անցյալ շաբաթ Էրդողանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ թուրքական կառավարությունը «շուտով» կփոխի 301 հոդվածը, ինչը փաստորեն կպահի այս վիճելի հոդվածը քրեական օրենսգրքում, մինչդեռ կհամոզի եվրոպացիներին, որ Թուրքիան մոտեցնում է իր օրենքները Եվրոմիության չափանիշներին: Today's Zaman թուրքական լրագրի ապրիլի 10-ի համարում Է. Բարիս Ալտինտասը գրել է, որ եթե նույնիսկ 301 հոդվածը լիովին վերացվի, քրեական օրենսգիրքը ներառում է շատ այլ հոդվածներ, որոնք կշարունակեն ճնշել խոսքի ազատությունը. - 115-րդ հոդվածը արգելում է հայտարարել մարդու կրոնական, սոցիալական, քաղաքական եւ փիլիսոփական համոզմունքների մասին, - 125-րդ հոդվածը` արժանապատվության դեմ ուղղված հանցանքներ կատարել, - 216-րդ հոդվածը` մարդկանց մեջ բորբոքել ատելություն եւ թշնամություն, - 217-րդ հոդվածը` մարդկանց դրդել չենթարկվել օրենքին, - 220-րդ հոդվածը` քարոզել անօրինական կազմակերպություն, - 222-րդ հոդվածը` արգելում է օգտագործել քրդական q, x, եւ w տառերը, - 263-րդ հոդվածը` ուսուցում օրենքի խախտմամբ, - 288-րդ հոդվածը` հայտարարություն անել ընթացող դատական գործի մասին, - 299-րդ հոդվածը` վիրավորական խոսքեր ասել նախագահին, - 300-րդ հոդվածը` անարգել պետական ինքնիշխանության խորհրդանիշները, - 304-րդ հոդվածը` դրդել օտար պաշտոնյաներին պատերազմ հայտարարել կամ վիրավորել Թուրքիային, - 305-րդ հոդվածը` մասնակցություն ունենալ այդ գործերում, որոնք դեմ են հիմնարար ազգային շահերին, - 309-րդ հոդվածը` փորձ անել տապալել Թուրքական հանրապետության ռեժիմը, - 311-րդ հոդվածը` փորձ անել տապալել թուրքական խորհրդարանը բռնի ուժով, - 318-րդ հոդվածը` համոզել բնակչությանը չծառայել բանակում, - 323-րդ հոդվածը` տպագրել կեղծ նորություններ, եւ - 341-րդ հոդվածը` անարգել օտար երկրի դրոշը: Today's Zaman-ը մեջ է բերել Հրանտ Դինքի փաստաբան Էրդալ Դողանի խոսքերը (Դինքը հայ լրագրող էր, որ մեկ տարի առաջ սպանվեց Ստանբուլում), որ եթե նույնիսկ այս խնդրահարույց հոդվածները վերացվեն, ոչինչ չի փոխվի թուրքական դատական համակարգում: Հետեւաբար ոչինչ չի փոխվի թուրքական հասարակության մեջ: Եթե 301-րդ հոդվածը ընդունենք որպես ցուցանիշ, որը 3 տարիների ընթացքում դեռեւս չի փոփոխվել, ապա Թուրքիայից կպահանջվի ավելի քան 50 տարի փոփոխելու վերը նշված 17 հոդվածները: Այսպիսով, Եվրոմիությանը անդամակցելը կտեւի շատ ավելի երկար: Փաստն այն է, որ Թուրքիան չի կարողացել եւ հավանաբար չի կարողանա անդամակցել Եվրոմիությանը մոտ ապագայում, եւ դրա պատճառը ոչ թե եվրոպական ընդդիմությունն է, այլ Թուրքիայի «ներքին պետությունը», արմատական ազգայնականները եւ դրա միլիոնավոր բնակիչները, ովքեր շահագրգռված չեն ընդունել եվրոպական ժողովրդավարական արժեքները:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play