ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.-Ը ԿՀԱՄԱԼՐՎԻ<br /> 700-800 ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.-Ը ԿՀԱՄԱԼՐՎԻ
700-800 ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ

  • 31-01-2008 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի նախատեսվում է Երեւան ներկրել միջին տեղատարողությամբ «Բոգդան» մակնիշի 150 ավտոբուսներ եւ 20 տրոլեյբուսներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը, այդպիսով մինչեւ տարեվերջ մայրաքաղաքում շահագործվող միջին տեղատարողությամբ ավտոբուսների քանակը կհասնի մոտ 450-ի, իսկ տրոլեյբուսներինը` 65-70-ի: Ա.Սահակյանի խոսքերով, Երեւանի հասարակական տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով նախատեսվում է 2008-2010թթ.-ին միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով եւ ներկայումս շահգործվող մոտ 3200 միկրոավտոբուսների թիվը առաջիկա երեք տարիներին կրճատել մինչեւ 1500-ը: Իսկ ավտոբուսային պարկը մինչեւ 2010թ.-ը կհամալրվի 700-800 ավտոբուսներով: Բացի դրանից, ըստ վարչության պետի, մինչեւ 2011թ.-ը տարեկան կներկրվի 20-ական տրոլեյբուս: Ըստ այդմ էլ կավելացվի տրոլեյբուսների երթուղիների թիվը: Ա.Սահակյանը նշեց, որ տրոլեյբուսների ներկրմանը զուգահեռ կիրականացվի էլեկտրասնուցման ցանցերի վերանորոգում: Այս տարի նախատեսվում է վերանորոգել Մաշտոց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների էլեկտրասնուցման ցանցերը: Անդրադառնալով ավտոկանգառասրահներին, Ա.Սահակյանը հայտնեց, որ 2006-2007թթ.-ին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տեղադրվել է 210 կանգառասրահ: Պետբյուջեից հատկացված 137 մլն դրամով (մոտ 449 հազար ԱՄՆ դոլար) այս տարի Երեւանում կտեղադրվի եւս 83 կանգառասրահ, իսկ 2008թ.-ին ամբողջությամբ կավարտվեն կանգառասրահների եւ կանգառանշանների տեղադրման աշխատանքները: Ա.Սահակյանը ընդգծեց, որ պետբյուջեից հատկացված 300 մլն դրամով այս տարի մայրաքաղաքի 27 խաչմերուկներում կտեղադրվեն նոր լուսացույցեր: Միաժամանակ նշվեց, որ մայրաքաղաքում ավտոմատացված լուսացուցային նոր համակարգ ներդնելու ուղղությամբ ներկայումս բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ: Վարչության պետը նշեց նաեւ, որ Երեւանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրով այս տարի նախատեսվում է պետբյուջեից հատկացված 1,7 մլրդ դրամով վերանորոգել մետրոյի կայարանների շարժասանդուղքներն ու վագոնները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play