«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ<br /> ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ<br /> ՆՄՈՒՇՆԵՐԸ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ
ՆՄՈՒՇՆԵՐԸ

  • 27-06-2007 20:27:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 9-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնը կմեկնարկի իտալացի անվանի ռեժիսորներ Վիտորիո եւ Պաոլո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարկը» ֆիլմի ցուցադրությամբ: Այն կեզրափակվի Անդրեյ Զվյագինցեւի «Արտաքսում» կինոնկարի ցուցադրությամբ, որը Կանի փառատոնում արժանացել է մրցանակի` տղամարդու լավագույն դերակատարման համար: Այս ֆիլմը նկարահանվել է Վիլյամ Սարոյանի գործերի հիման վրա: Ինչպես հունիսի 27-ի մամլո ասուլիսում նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի միջազգային մրցութային երկու` խաղարկային եւ վավերագրական ծրագրերում ընդգրկված են վերջին 1-2 տարիներին ստեղծված լավագույն եւ մրցանակակիր ֆիլմերը: Այդ ֆիլմերը մշակութային արժեք ներկայացնող գործեր են, որոնք Հայաստան են բերվում միայն մեկ նպատակով` ցուցադրելու եւ ծանոթացնելու կինոհանդիսատեսին ու կինոարվեստի սիրահարներին կինոլեզվի ու կինոմտածողության լավագույն նմուշների հետ: Խաղարկային բաժնում այս տարի կներկայացվի 10 ֆիլմ, որոնց գերակշիռ մասը Կանի կինոփառատոնում արժանացել է տարբեր մրցանակների: Իսկ վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում կներկայացվի 14 կինոնկար: Մ.Ստամբոլցյանը նշեց նաեւ, որ այս տարի միջազգային մրցութային ծրագրերի ժյուրիի կազմում կընդգրկվեն հայ կինոգործիչներ: Մ.Ստամբոլցյանի խոսքերով, այս տարի փառատոնը կունենա եւս մեկ նոր ծրագիր` «Նոր հայկական կինո», ուր ընդգրկված են դեռեւս չավարտված հայկական խաղարկային ֆիլմերը: Այս տարվա նորություններից է նաեւ փառատոնի շրջանակներում ֆրանսիական 10 ֆիլմերի ցուցադրությունը: «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքերով, կինոփառատոնի օրերին կանցկացվեն վարպետության դասեր` ճանաչված կինոգործիչների կողմից, կկազմակերպվեն բազմաթիվ արտամրցութային ցուցադրություններ, հանդիպումներ կինոարտադրությանը աջակցող հիմնադրամների նախագահների եւ պրոդյուսերների հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play