«ՀԱՅ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔ<br /> ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ 333 ՀԱՆՐԱԿՐԹԱՐԱՆՆԵՐԻ<br />


«ՀԱՅ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔ
ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ 333 ՀԱՆՐԱԿՐԹԱՐԱՆՆԵՐԻ

  • 10-11-2006 17:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ դպրոց» բարեգործական հիմնադրամը նախատեսում է առաջիկայում եւս դպրոցական գույք` նստարաններ, գրատախտակներ եւ այլ անհրաժեշտ իրեր նվիրաբերել Հայաստանի եւ Արցախի 333 դպրոցների: Այս մասին նոյեմբերի 10-ին մամլո ասուլիսում հայտեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Ահարոնյանը: Նա հայտնեց, որ հիմնադրամը վերջերս 9400 աշակերտի համար նախատեսված դպրոցական նստարաններ է բաժանել նյութական ծանր վիճակում գտնվող դպրոցներին: Ըստ Լ.Ահարոնյանի, 2003 թվականից գործող հիմնադրամի առաջնային նպատակն է հատկապես աջակցել Հայաստանի եւ Արցախի սահմանմերձ եւ թերբեռնված դպրոցներին` աշակերտական եւ ուսուցչական աթոռ-գրասեղաններով: «Գաղտնիք չէ, թե հնամաշ եւ կոտրտված գույքը հոգեբանական ինչ մեծ ընկճվածություն է առաջ բերում առաջին անգամ դպրոց մտնող երեխայի մոտ»,- նշեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Առ այսօր, «Հայ դպրոց»-ի շնորհիվ 6000 հատ աշակերտական աթոռ-գրասեղան են ստացել կարիքավոր դպրոցները: Նա նշեց, որ դպրոցական գույքի պատրաստման համար անհրաժեշտ նյութերը հիմնադրամի կողմից ձեռք են բերվում արտասահմանում եւ պատրաստվում տեղի ձեռնարկություններում: Լեւոն Ահարոնյանը նշեց, որ հիմնադրամի գումարները գոյանում են հանգանակություններից: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը գնահատելով կատարված աշխատանքներն ու նվիրատվությունները, ափսոսանք հայտնեց, որ հիմնադրամի կազմում ընդգրկված են միայն սփյուռքահայ բարերարներ, մինչդեռ Հայաստանում եւս կան անձինք, որոնք «ցանկության դեպքում կարող են իրենց գումարներից բաժին հանել հայրենական դպրոցաշինությանը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play