ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ<br /> ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ
ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ

  • 15-08-2006 17:12:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակցի պնդմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձգձգումը, նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունների տապալումն այս տարի վտանգավոր իրավիճակ են ստեղծել, որի դեպքում «ցանկացած միջադեպ զորքերի շփման գծում կարող է մարտական գործողությունների սկսման պատճառ դառնալ»: Թերթը հիշեցնում է նաեւ, որ պաշտոնական Բաքուն քանիցս հայտարարել է, որ «մտադիր չէ այլեւս հաշտվել իր տարածքի 20 տոկոսի տասը տարուց ավելի շարունակվող օկուպացիայի հետ»: Վերջերս Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ «Հայաստանին հնարավորություն է տրվում կամավոր ազատել գրավյալ ադրբեջանական տարածքները եւ խնդիրը լուծել առանց արյունահեղության եւ պատերազմի»: Թերթը բերում է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի կարծիքը, որ գրավյալ հողերի ազատագրման ռազմական կամպանիայի սկսման եւ համընդհանուր զորակոչի հայտարարման դեպքում Ադրբեջանի զորախմբավորման ընդհանուր թվաքանակը կանոնավոր զորքերի անձնակազմի հետ միասին կկազմի 180 հազար զինծառայող: Ընդ որում նա վստահ է, որ «լիամասշտաբ ռազմական կամպանիայի սկսման դեպքում, պայմանով, որ զինված ուժերը պատրաստ կլինեն կատարելու իրենց առաջադրված խնդիրը, լրացուցիչ զորահավաքի պահանջմունք չի լինի»: Նրա կարծիքով, այսօր զինվորական ստորաբաժանումները, որ գտնվում են առաջավոր գծում, եւ պահեստային զորամասերը կարող են «նվազագույնը լուծել գրավյալ տարածքների ազատագրման խնդիրը: Եվ սոսկ ֆորս-մաժորի առաջացման դեպքում ռազմական գործողություններին մասնակցելու համար լրացուցիչ ուժեր կուղարկվեն»: Հոդվածը հիշեցնում է նաեւ, որ վերջին ժամանակներս պաշտոնական Բաքուն «Զինված ուժերի զարգացմանը հսկայական ուշադրություն» է դարձնում, մասնավորապես ընթացիկ տարում բանակի կարիքների համար պետբյուջեից հատկացվել է 700 մլն. դոլար: Իսկ առաջիկա մեկ-երկու տարում նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է երկրի ԶՈՒ հատկացումները հասցնել Հայաստանի պետբյուջեի մակարդակին: Գոյություն ունի բանակի ֆինանսավորման մեկ այլ աղբյուր եւս` 2002 թվականի օգոստոսի 17-ին ստեղծված Ադրբեջանի զինված ուժերի օգնության ֆոնդը, որի հաշվին այսօր կուտակված է ավելի քան 3 մլն. դոլար: Արժե նշել, որ ոչ բոլոր փորձագետներն են համաձայն ներկայիս ադրբեջանական բանակի բարձր մարտունակության մասին կարծիքին: Ինտերնետային balkanalysis.com պարբերականը ներկայացնում է կանադացի մասնագետ, Esprit de corps զինվորական հանդեսի հրատարակիչ Սքոթ Թեյլորի կարծիքը, որը վերջերս այցելել է Ադրբեջան: Ըստ նրա, լուծման ռազմական ուղին այն է, ինչով ադրբեջանական ղեկավարությունը հուսահատ փորձում է ուժեղացնել իր դիրքերը բանակցային սակարկություններում: «Նրանց զինվորական ղեկավարությունը սպառնում է, թե համբերությունը սպառվելու վրա է, իսկ քաղաքական ղեկավարները պարծենում են իրենց հսկայական ռազմական բյուջեով»: Սակայն, ըստ Թեյլորի, Բաքվում գտնվող արտասահմանյան դիվանագետները տվյալ փուլում «անհանգստացած չեն», քանի որ նրանք տեսնում են, որ «Ադրբեջանի սպառազինության ծավալումը մեծապես բլեֆ է»: Թեյլորը բերում է ամերիկացի մի դիվանագետի խոսքերը. «Ահա երբ նրանք սկսեն մարտական ուղղաթիռներ գնել, այդ ժամանակ մենք կիմանանք, որ դա լուրջ է դառնում»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play