ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ Է<br /> ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ<br />


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ Է
ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ

  • 10-02-2003 21:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ու համերգների շարքը Ռումինիայում սկսվել է փետրվարի 7-ին` Բուխարեստի «Միհայիլ Յորա» սրահում կայացած համերգով, որին ներկա են գտնվել նաեւ Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն, երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների, հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ եւ դիվանագետներ: Համերգը կազմակերպել էին Բուխարեստում ՀՀ դեսպանությունը եւ Ռումինիայի ռադիոհաղորդումների կորպորացիան: Արամ Խաչատրյանին Ռումինիայում գիտեն ոչ միայն իր մեծարժեք ստեղծագործությունների շնորհիվ: Նրան աշակերտել են ռումինացի հայտնի երգահաններ Անատոլ Վիերուն, Տիբերիու Օլախը եւ Թեոդոր Գրիգորիուն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի եւ «Գայանե» ու «Սպարտակ» բալետներից դրվագների բարձրարվեստ կատարմամբ հանդես են եկել Ռումինիայի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր` Թեոդոր Կուչարի ղեկավարմամբ (ԱՄՆ), եւ մենակատար-ջութակահարուհի Միհայելա Մարտինը (Գերմանիա): Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն իր ելույթում բարձր է գնահատել մեծ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը եւ ռումինական երաժշտական արվեստի ներկայացուցիչների հետ ստեղծագործական կապերը: Փետրվարի կեսերին Բուխարեստում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգա Ռումինիայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ հոբելյանական միջոցառումներ եւ համերգներ է նախատեսում Ռումինիայի ազգային երաժշտական թանգարանը` փետրվարին եւ Կրայովա քաղաքի ֆիլհարմոնիան` մայիսին:
Նոյյան տապան  -   Մշակույթ