Նորածնային մահացության հաղթահարման «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծրագիրն ընդլայնվել է` ներառելով Հայաստանի մարզերը


Նորածնային մահացության հաղթահարման «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծրագիրն ընդլայնվել է` ներառելով Հայաստանի մարզերը

  • 23-11-2010 14:41:40   | Հայաստան  |  Հասարակություն
«ՎիվաՍել-ՄՏՍ-» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի ծննդատուն եւ Ավստրիական մանկական հիվանդանոց: Արդեն երեք տարի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատելու ուղղությամբ: 2008-2009թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 144 մլն. դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել մայրաքաղաքի 11 հիվանդանոցների: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ ցանկալի արդյունքներն ակնհայտ են: Ծրագրի հերթական փուլը մանկական մահացության թվի կրճատում է երաշխավորում Հայաստանի խոցելի մարզերում եւ սահմանամերձ այն բնակավայրերում, որոնք չունեն բժշկական անհրաժեշտ սարքավորումներ, իսկ մայրաքաղաքի հիվանդանոցներից օգտվելն էլ ուղղակի անմատչելի է` հեռավորության պատճառով: 2010 թվականին նեոնատալ խնամքի սարքավորումներ են տեղադրվել 7 բուժհաստատությունում: Դրանք համալրվել են րեսպիրատոր թերապիայի եւ ուլտրաձայնային համակարգերով, հիվանդի աշխորոշման մոնիտորներով, ինտենսիվ թերապիայի սեղանով եւ վերակենդանացման սարքավորումներով, պուլս-օքսիմետրով, տաքացնող ներքնակներով եւ ռադիանտ տաքացուցիչներով: 2010թ. իրականացվոց ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն. դրամ: Ընթացքում է եւ շարունակական բնույթ է կրելու նաեւ մասնագիտական վերապատրաստումը Գյումրիի ծննդատան եւ Ավստրիական մանկական հիվանդանոցի, Մարտունու, Սեւանի, Գորիսի, Կապանի եւ Բերդի ծննդատների բուժաշխատողների համար: Նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը վստահ է, որ նոր սարքավորումների արդյունավետությունը կարճ ժամանակում զգալու են նաեւ մարզերի մասնագետները: «Անկարեւոր հարցեր չկան: Առաջնային է, սակայն, այն խնդիրների լուծումը, որոնք կապված են կյանքի հետ: Նորածինը փխրուն էակ է: Նրա գոյությունը կյանքի առաջին փուլում մեծապես կախված է բժիշկների աջակցությունից, ում մեծ պատասխանատվություն է բաժին ընկնում: Եվ որքան լավ լինեն այդ մասնագետներին տրված հնարավորությունները, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել մանկական մահացության դեմ նրանց մղած պայքարը: Այս սարքավորումներն ապահովելու են այդ հնարավորությունը»,- նշեց Ռ.Յիրիկյանը: Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան:
Նոյյան տապան  -   Հասարակություն