67 տարի առաջ ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը


67 տարի առաջ ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը

  • 22-11-2012 17:56:53   | Հայաստան  |  Բարեգործություն

 

Այսօր «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց Sevada Art Studio-ի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն ուղղված է խաղաղության, հանդուրժողականության և մարդու իրավունքների խթանմանը և նվիրված է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին: 
Ստուդիայի 70 սաների շուրջ 100 աշխատանք էր ներկայացված ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր Sevada Art Studio-ի կողմից՝ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) օժանդակությամբ, Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության և ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի միջոցառումների շրջանակում:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Իրապես խորհրդանշական է, որ երեխաները նույնպես մասնակցում են մեկ տարի շարունակված տոնակատարություններին: Նրանք մեր ապագան են, և ՄԱԿ-ն աջակից է նրանց ստեղծագործական մտքի, նախաձեռնականության զարգացմանը և նրանց մասնակցությանը մարդու իրավունքների խթանմանը: Վստահ եմ, որ մեծանալով՝ այս երեխաները դառնալու են իրենց համայնքների ակտիվ անդամներ»: 
«Ուզում եմ իմ խորին շնորհակալանքի խոսքը հղել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին և «ՀայԱրտ» մշակութային կենտրոնին՝ մեր սաների աշխատանքները հանրությանը ներկայացնելու այս հնարավորության համար: Մենք այս ցուցահանդեսը նվիրում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյա հոբելյանին՝ ի նշան մեր երախտիքի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անձնվեր աշխատանքի և Հայաստանի բնակչության բարեկեցության բարելավման ջանքերի համար»,- ասաց Sevada Art Studio-ի հիմնադիր, գեղանկարիչ Սամվել Սևադան:
Ցուցահանդեսի մասնակիցներին տրամադրվեցին ՄԱԿ ՀՏՎ-ի կողմից նախապատրաստված գնահատանքի վկայագրեր և ՄԱԿ-ի հրատարակություններ:
Sevada Art Studio-ն Երևանում գործում է արդեն ութ տարի: Այդ ընթացքում հարյուրավոր երեխաներ հնարավորություն են ունեցել սովորել գեղանկարչություն և լուսանկարչություն: 
 
1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ 67 տարի առաջ, ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թ. դեկտեմբերին՝ նույն թվականի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությունից հետո:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն