Լոռեցի 300 երիտասարդներ Սուրբ Սարգսի տոնը նշեցին Ծաղկաձորում


Լոռեցի 300 երիտասարդներ Սուրբ Սարգսի տոնը նշեցին Ծաղկաձորում

  • 29-01-2013 09:50:10   | Կոտայքի մարզ  |  Բարեգործություն

Լոռեցի 300 երիտասարդներ այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշեցին միասին` գեղատեսիլ Ծաղկաձորում: Նման հնարավորություն նրանց ընձեռել էին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը: Իսկ տոնն իսկապես ստացվեց. կազմակերպիչները հոգացել էին օրհնված աղաբլիթների հարցով, իսկ թե երազում ով ում տեսավ, մնաց իրենց` երիտասարդների փոքրիկ գաղտնիքը: Ինչպես նախորդ հավաքների ժամանակ, այս դեպքում էլ մասնակիցները «չխուսափեցին» հաճելի անակնկալներից, ընդ որում` նաև հենց իրենց` երիտասարդների կողմից: Տոնը, բնականաբար, ամբողջացավ Կեչառիսի վանքային համալիր այցելությամբ, մոմավառությամբ, ապա և երգ-երաժշտությամբ ու, ըստ այդմ, շատ բարձր տրամադրությամբ:

Լոռեցի երիտասարդների համար նաև հանդիպում էր կազմակերպվել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, ովքեր մեծապես կարևորեցին երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը հասարակական և քաղաքական գործընթացներում: Ա.Ճաղարյանը մասնավորաբար նշեց, որ Կարեն և Սամվել Կարապետյանների համար առաջնային նշանակություն ունի մեր երիտասարդ ներուժի ակտիվացումն ու քաղաքացիական հստակ դիրքորոշման առկայությունը, քանզի երկրի վաղվա պատասխանատուները արդեն այսօր պետք է ի ցույց դնեն իրենց ունակություններն ու պատասխանատվության չափը:
Այնուհետ անցկացվեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթ, ինչպես նաև երգի, պարի, ասմունքի և հումորի մրցույթ-փառատոն, որոնց հաղթողները ստացան պարգևներ ու հավաստագրեր:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին կես տարվա ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արդեն երրորդ անգամ են 300-ական լոռեցի երիտասարդներ իրենց եռօրյա հավաք-հանգիստն անցկացնում Ծաղկաձորում: Ընդ որում, բոլոր երեք հավաքների մասնակիցներն առավելապես տարբեր են եղել:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն