Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ

  • 04-04-2013 18:28:46   | Հայաստան  |  Բարեգործություն

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ 
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի թափառաշրջիկ անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ: Դեռևս 2011 թվականի տարեվերջին Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մշակված սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում մինչ օրս ժամանակավոր կացարան է տրամադրվել 152 անօթևանի: Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել են ոչ միայն կացարանի, այլ նաև սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը: 
Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել այսօր կացարանում փաստացի բնակվող 41 անօթևանների կենցաղային պայմաններին և իրականացվող ծրագրի ընթացքին: Քաղաքապետը զրուցել է շահառուների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով և մեկ անգամ ևս վստահեցրել, որ սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է մշտապես  համապատասխան աջակցություն ցուցաբերել:
<<Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը, որ ապաստան տրամադրելով օգնում է մեզ մայրաքաղաքում անօթևանների խնդրի կարգավորման հարցում: Եվ վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է թե հիմնադրամի, և թե շահառուների կողքին և ամեն ինչ անելու ենք, որ Երևանում անօթևաններ չունենանք>> - նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով կարևոր այս ծրագրի իրականացման և ցուցաբերվող մշտական հոգածության համար, ծրագրի պատասխանատուներն իրենց հերթին նշել են, որ բացի սոցիալ-կենցաղային բաղադրիչից, ծրագրի շրջանակում իրականացվում է նաև անօթևանների համալիր բուժզննություն և, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն: Հարկ է նշել նաև, որ ծրագրի շնորհիվ շուրջ երկու տասնյակ անօթևան տեղավորվել է աշխատանքի: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ լաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կենտրոնին նվիրաբերվել են անօթևանների խնամքի համար անհրաժեշտ իրեր: 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն