Հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժությանը


Հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժությանը

  • 20-04-2016 17:41:28   | Գերմանիա  |  Քաղաքական

Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում  «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը:
 
Զորավարժությանը ներգրավված են 16 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողներ:
Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն և բացազատվել ու առաջին անգամ արտերկրում գործարկվել է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ բժշկական անձնակազմը մարտական գործողությունների հնարավորինս նմանեցված պայմաններում ցուցաբերել է վիրավորների տարհանման, առաջին բուժօգնության տրամադրման, վիրավորների վիճակի կայունացման, վիրահատական միջամտությունների իրականացման և այլ բժշկական անհետաձգելի օգնություն: Զորավարժության ընթացքին հետևելու նպատակով զորավարժության անցկացման վայր է ժամանել նաև Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը, ով նաև հանդիպում է ունեցել հայ զինծառայողների հետ:
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ նշված զորավարժությանը մասնակցությունը նպաստելու է ՀՀ ԶՈՒ ԻՄԵԴՍ շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմի` մարտական պայմաններում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մասնագիտական հմտությունների խորացմանը և բազմազգ միջավայրում փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական