Ռուսաստանի գործողությունները հակասել են Մինսկի խմբի համանախագահների կոնսենսուսային ընդունված որոշումներին
15-01-2021 15:10:47 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
Երկու օր առաջ Շուշիից կրակոցներ եղան, ունեցանք վիրավոր, բայց պարզվեց ռուս խաղաղապահները այդ մասին տեղեկություն չունեն: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսպիսի կրակոցները պարբերաբար են լինելու և, ըստ էության, ռուս խաղաղապահները չեն կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը:
Այո, կարող ենք դա արձանագրել: Ռուսաստանը չի կարող ապահովել, որ կատարվեն նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանները: Մենք տեսնում ենք, որ գերիների փոխանակումը տապալվեց, չիրագործվեց այդ կետը, և չի կարող ապահովել նաև կրակի դադարեցման կետը:
Այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է լինեն մեր կողմից: Տեսնում ենք, որ վարչապետը նույնիսկ ռազմագերիների հետ կապված որևէ պայմանավորվածություն չկարողացավ ձեռք բերել Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Այսօրվա կառավարությունը զրկված է Արևմուտքի աջակցությունից և անզոր է որևէ բան փոխել այս դասավորության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն հայտարարել է, որ դրական է, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով, բայց անհանգստացնող է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է, մինչդեռ դա այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
Այդ խոսքերն ինքնին ամեն ինչ նկարագրում են: Բացի այդ, մի քանի օր առաջ նաև ռուս համանախագահը հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ և ասաց, որ սուտ է Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ՌԴ-ն պահանջում էր վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց և կարգավիճակի հարցում որևէ առաջարկ չուներ: Այս ամենը վկայում է, որ Մինսկի խմբի ներսում քաղաքական գործընթաց է գնում, և համանախագահները հանդես են գալիս առանձին-առանձին հայտարարություններով: Մենք գիտենք, որ այդ հարթակում այսօր կոնսենսուս չկա: Մասնավորապես, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները էապես տարբերվում են Ռուսաստանի դիրքորոշումից: Նաև Ռուսաստանի գործողությունները հակասել են Մինսկի խմբի համանախագահների կոնսենսուսային ընդունված որոշումներին, որոնք 2007-ից ի վեր նախագահների մակարդակով այդ երկրները հրապարակային ներկայացրել են: Խոսքը հրապարակված 6 տարրերի մասին է: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն սատար չկանգնեց դրան և իր առաջարկածն իրականացրեց: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի ներսում կա հակասություն:
Արցախի կարգավիճակի հարցը օրակարգից դուրս չի եկել, և մյուս համանախագահ երկրներն այդ հարցում ակտիվությո՞ւն են փորձում ցուցաբերել:
1992 թվականին Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնել են, որ Արցախի կարգավիճակի հարցը որոշի ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ի որոշմամբ գումարվեց Մինսկի կոնֆերանսը, ստեղծվեց Մինսկի խումբը և առայսօր որևէ բան չի փոխվել այս հարցում. ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը դուրս չեն եկել և չեն հրաժարվել այդ ֆորմատից: Մինսկի խումբը շարունակում է իր աշխատանքը, այլ հարց է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նպատակն է անել այնպես, որ անհետևանք մնա միջազգային հանրության և Մինսկի խմբի համար Ադրբեջանի կողմից միջազգային հարաբերությունների կարևոր սկզբունքների խախտումը՝ խաղաղ բանակցություններից հրաժարվելը և ռազմական ճանապարհով վիճելի հարցերի կարգավորումը: Դա հակասում է միջազգային իրավունքին: Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը խնդիր ունեն, թե ինչպես դա սղղացնեն, ինչպես անեն, որ բացասական հետևանքներ Ալիևի համար այդ հարցը չունենա:
Ինչպե՞ս է հնարավոր հաջողության հասնել գերիների վերադարձի հարցում: Շատերը նշում են, որ Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրեր, քանի դեռ գերիների հարցում հստակեցում չլիներ:
Քանի որ Հայաստանի իշխանությունը 100 տոկոսով գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ, որևէ լուծում Ռուսաստանի տիրույթներից դուրս չի կարող լինել: Եթե Ռուսաստանն ուզի, որ գերիներին ազատ արձակեն, ազատ կարձակեն, իսկ եթե հարմար չի գտնում, գերիներին ազատ չեն արձակի: Հայաստանն ուրիշ լծակ չունի: ՀՀ կառավարությունն այսօր չունի Արևմուտքում աջակցություն, Նիկոլ Փաշինյանը մերժել է համագործակցելու, Արևմուտքի ռազմական, քաղաքական օժանդակության բոլոր առաջարկները, թե պատերազմի ժամանակ, թե հետպատերազմյան շրջանում: Ուստի այստեղ պետք է արձանագրենք այս կառավարության անզորությունը: Իհարկե, միջազգային հանրության համար այս խնդիրը հեշտ լուծելիք խնդիր է, իհարկե, եթե ԵԱՀԿ պետությունների առջև դրվի այս հարցը, որ կա նման խնդիր, այն հեշտությամբ լուծում կստանա: Ադրբեջանը չունի ռեսուրս հակադրվել ամբողջ աշխարհին: Բայց այսօր Հայաստանի վրա դրված է պարտականություն՝ արդարացնել Ադրբեջանին: Հայաստանը սպասարկում է այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը մնա անպատիժ՝ ագրեսիվ պատերազմ իրականացնելու համար:
Մամուլը գրում է, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանից փորձել է հետաքրքրվել, թե չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական տալ: Կարծում եք, իշխանության փոփոխությունից հետո ՀՀ իշխանությունն ավելի ինքնավստա՞հ կգնա բանակցելու:
2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարել է իշխանությունը, և այդ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ իրենք ում են վստահում կառավարության ղեկը՝ ռուսամետ ուժերին, թե եվրոպամետ: Դրանից կախված կլինի մեր երկրի զարգացումը բոլոր ուղղություններով: Եթե ժողովուրդը որոշի ռուսամետ ուժերին քվե տալ, իսկ դա կամ Նիկոլ Փաշինյանն է, կամ նախկիններն են, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա կա: Ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանն է, թե մեկ այլ գործիչ, որն ընդունում է Ռուսաստանի մանդատը Հայաստանի նկատմամբ: Եվ լիովին այլ քաղաքական հնարավորությունների տիրույթում կլինի, եթե մենք ընտրենք եվրոպամետ ուղղությունը և վստահենք մեր կառավարության ղեկը եվրոպամետ ուժերին: Այդ դեպքում հնարավոր կլինի խոսել Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքականության մասին և հնարավոր կլինի լուծումներ գտնել այն հարցերին, որոնք այսօր մտել են փակուղի: Եթե Ռոբերտ Քոչարյանի աչքերով Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն էր, Նիկոլ Փաշինյանի աչքերով Հայաստանը Ռուսաստանի տրանզիտային միջանքն է տարածաշրջանում:
Ըստ էության, գործոններից մեկը, թե ինչու եղավ այս պատերազմը, այն է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարիք ունեն իրար միջև ցամաքային կապ հաստատել, որպեսզի ընդլայնեն իրենց տնտեսական, առևտրային հարաբերությունները: Վրաստանի տարածքով դա չեն կարող անել, իսկ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով կարող են անել: Այսօր տեսնում ենք, որ Մոսկվայում հունվարի 11-ի հանդիպման գլխավոր հարցն էր բացել կոմունիկացիաները և այդ տրանզիտային հնարավորությունները ստեղծել, որ տրանսպորտային համակարգն սկսի աշխատել: Այդ տեսակետից Մոսկվան շահագրգռվա՞ծ է, որ Հայաստանում արմատական փոփոխություններ լինեն, իհարկե ոչ: Եթե նույնիսկ Պուտինն այդ հարցը տվել է Նիկոլ Փաշինյանին, ապա այնքանով, որքանով համոզված լինի, որ այն կուրսը, որ Հայաստանը 30 տարի և մինչ օրս իրականացնում է, մնա անփոփոխ: Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Ռուսաստանը այդ գործընթացը առանց հսկողության չի թողնի: Շատ մեծ խաղադրույք է դրված այսօր Հայաստանի վրա, և Ռուսաստանի համար կարևոր է պահպանել իր ազդեցությունը Հայաստանի նկատմամբ: