Հայաստանում տնտեսական բաղադրյալ ինդեքսները նախորդ եռամսյակի<br /> համեմատ հիմնականում նվազել են<br />


Հայաստանում տնտեսական բաղադրյալ ինդեքսները նախորդ եռամսյակի
համեմատ հիմնականում նվազել են

  • 17-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանում 2008թ.-ի չորրորդ եռամսյակում բաղադրյալ տնտեսական ինդեքսներից գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 41,5` երրորդ եռամսյակի 49,3-ի դիմաց, տնտեսական ակտիվության ինդեքսը` 40,7` երրորդ եռամսյակի 65,3-ի դիմաց, իսկ սպառողների վստահության ինդեքսը` 48,7` երկրորդ եռամսյակի 51,6-ի դիմաց: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2008թ.-ի չորրորդ եռամսյակի գործարար միջավայրի ինդեքսը նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 84,1%, իսկ 2007թ.-ի նույն եռամսյակի նկատմամբ` 88,4%, տնտնեսական ակտիվության ինդեքսը կազմել է, համապատասխանաբար, 62,3% եւ 74,8%, իսկ սպառողների վստահության ինդեքսը, 94,4% եւ 100,3%: Նշենք, որ այս ինդեքսների հաշվարկման համար ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների եւ տնային տնտեսությունների եռամսյակային հարցումները ՀՀ ԿԲ-ն իրականացնում է 2005թ.-ի սկզբից: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել բաղադրյալ տնտեսական ինդեքսները: Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 810 կազմակերպություններ: Հարցման են ենթարկվել նաեւ 1882 տնային տնտեսություններ Երեւան քաղաքում եւ ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների եւ հեռապատճենի միջոցով: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվել են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները: Գործարար միջավայրի ինդեքսը հաշվարկվում է ռիսկերի եւ ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով, տնտեսական ակտիվության ինդեքսը` արտադրության ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի եւ պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով: Սպառողների վստահության ինդեքսը ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության եւ ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) եւ ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների եւ զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացմամբ: Նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ հաշվարկված ինդեքսները տնտեսության փաստացի միտումներն առավել ստույգ են բացատրում, քանի որ բացառվում է սեզոնային տատանումների գործոնը: Ինդեքսների հաշվարկման համար տրվող հարցերը կրում են որակական բնույթ եւ ունեն պատասխանների հետեւյալ տարբերակները` «աճ», «անփոփոխ մակարդակ», «նվազում»: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետեւ դրական պատասխանների տեսակակար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ինչով ստացվում են պատասխանների հաշվեկշիռները: Հաշվեկշիռները տատանվում են 0-100 միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցվողները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ եւ նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունվել է հաշվեկշռի տատանումը 45-ից մինչեւ 55-ը: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշին` ստացվում են վերջնական ինդեքսները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play