«Արցախ ՀԷԿ»-ն իրականացնում է Հայաստանի պատմության մեջ
բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը
03-03-2009 15:59:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արմենբրոկ» բաց բաժնետիրական
ընկերությունը հայտարարել է Հայաստանի կապիտալի շուկայի պատմության
մեջ բաժնետոմսերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO)
մասին: Բաժնետոմսերի թողարկումն իրականացվում է «Արցախ
ՀիդրոԷլեկտրաԿայան» բաց բաժնետիրական ընկերության կողմից` 3,45
մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 մլն 128,4 հազար ԱՄՆ դոլար` ՀՀ ԿԲ-ի մարտի 2-ի
փոխարժեքով հաշվարկված) ընդհանուր ծավալով:
Ըստ թողարկման խորհրդատու եւ տեղաբաշխող «Արմենբրոկ» ԲԲԸ-ի
հաղորդագրության, տեղաբաշխվում է ընդհանուր թվով 3 մլն 285 հազար
715 բաժնետոմս. մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 1050
դրամ: Հրապարակային տեղաբաշխման ազդագիրը գրանցվել է ՀՀայաստանի
Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից: Տեղաբաշխման գործընթացն
ավարտվելուն պես հայտ կներկայացվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»
ֆոնդային բորսա` «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակելու
նպատակով: Երկրորդական բորսայական շուկայում բաժնետոմսերի
իրացվելիությունը կապահովվի մարքեթ-մեյքերի կողմից:
«Արցախ ՀԷԿ» բաժնետոմսերի թողարկման Յ տեղաբաշխման վերաբերյալ
լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում` թողարկման ամբողջական
Ազդագիրը կարելի է ձեռք բերել «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ կամ «Արմենբրոկ ԲԲԸ»
ինտերնետային կայքերից` www.artsakhhpp.com կամ www.armenbrok.com:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ)
էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններից է, որը ներկայումս
բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը:
Ընկերությունը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ Սարսանգի ջրամբարի
վրա տեղակայված Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով, որն ունի 50
ՄՎտ դրվածքային հզորություն եւ տարեկան 90-140 մլն ԿՎտ/ժամ
էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորություն: Տեղաբախումից
հավաքագրված միջոցները կուղղվեն երեք փոքր հիդրոէլեկտրակայանների
կառուցմանը ԼՂՀ ամենամեծ գետի` Թարթառի վրա: Նոր
հիդրոէլեկտրակայանները հնարավորություն կտան բավարարելու ԼՂՀ
էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի ավելի քան 85%-ը: Սույն
առաջնային հրապարակային տեղաբաշխումը հանդիսանում է ԼՂՀ
կառավարության կողմից էներգետիկային բնագավառում իրականացվող
բարեփոխումների մի մասը, որն ուղղված է ԼՂՀ էներգետիկ անկախության
եւ անվտանգության ապահովմանը: