Նամակ Մոսկվայից Երևան. առիթը ստանդարտներն են, իսկ պատճա՞ռը


Նամակ Մոսկվայից Երևան. առիթը ստանդարտներն են, իսկ պատճա՞ռը

  • 28-06-2025 16:36:18   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան Երևանին նամակ կհղի, որում կարտահայտի ԵՄ անդամակցության գործընթացի առնչությամբ ստանդարտների փոփոխության վերաբերյալ մտահոգություն: Ըստ Օվերչուկի, Երևանը ԵՄ անդամակցության շրջանակում ընդունում է ստանդարտներ, որոնք չեն համապատասխանում ԵՏՄ ստանդարտներին և կա վտանգ, որ ԵՏՄ շուկայում կարող են հայտնվել այլ ստանդարտով ապրանքներ:
 
Ըստ ամենայնի, Ռուսաստանի համար սա առիթ է, ոչ թե պատճառ: Հազիվ թե Երևանում լինի ստանդարտիզացիայի այնպիսի մի գործընթաց, որը անկառավարելի լինի ԵՏՄ տիրույթի համար: Թե ի՞նչն է Ռուսաստանի համար այդ առիթն օգտագործելու և Հայաստանին, ըստ էության, զգուշացնելու պատճառը, սա արդեն, թերևս, կարող է լինել բավականին բազմակողմ իրողություն: Մտածել, թե Ռուսաստանին անհանգստացրել է ԵՄ անդամության գործընթացը, թերևս չի ունենալ ծանրակշիռ հիմք:
 
Այդ գործընթացը, բացի ընդունված օրենքից, ըստ էության չունի որևէ էական, գործնական շարժ, հետևաբար հազիվ թե Մոսկվան մտահոգվի՝ առնվազն այս փուլում: Ըստ ամենայնի, թեման կարող է օգտագործվել այդ հարցերում ունեցած մտահոգության համար: Դրանք վերաբերում են Հայաստանի ներքի՞ն հարցերին, գործնականում նախընտրական ժամանակաշրջանում Ռուսաստանի հետաքրքրություններին, թե՞ Մոսկվան կարող է իր համար մտահոգության պատճառներ տեսնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացում:
 
Համենայն դեպս, պատճառների՝ այդ դաշտում գտնվելը, թերևս, առավել հավանական է, քան զուտ այն խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Օվերչուկը: Իհարկե, ամենևին պետք չէ բացառել և այն, որ Օվերչուկի «շուրթերով բարբառում» է ռուսական իսթեբլիշմենտի շրջանակում այսպես ասած «գորգային» պայքարը, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների առումով, մինչ իրավիճակը դարձյալ կհասնի այսպես Պուտին-Փաշինյան մակարդակին, որում խնդիրների լուծման կայուն մեխանիզմի մասին Փաշինյանը Երևանում հայտնել էր Մատվիենկոյին: Հարցը այն է իհարկե, թե մինչ այդ աստիճանահարթակին հասնելը, ինչ բնույթի տրանսֆորմացիայի կենթարկվի այն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը