Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
04-07-2026 16:49 Սյունիքի մարզ Հասարակություն
Հուլիսի 3-ին Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցած խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մասնակցել են հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, ֆինանսական վարչության պետերը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու վարչատնտեսական մասի համակարգողները։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման համակարգում տեղի են ունենալու ֆունկցիոնալ փոփոխություններ. դպրոցների բովանդակային (կրթական) կառավարման համակարգումը վերապահվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթը՝ մարզպետների աշխատակազմերին։
Կառուցվածքային այս փոփոխության արդյունքում փոխվում է միայն կողմերի գործատուն։ Մինչև սեպտեմբերի 1-ը կողմերի հետ կկնքվեն համապատասխան համաձայնագրեր։
Տնօրենների ընտրության և նշանակման մրցութային կարգը (զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույց) մնում է անփոփոխ՝ մարզի և նախարարության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովների ձևաչափով։
Հաշվի առնելով, որ նախարարության անմիջական ենթակայության տակ գտնվող դպրոցների թիվը հանրապետությունում զգալիորեն մեծանում է, կառավարման օպերատիվությունն ապահովելու համար մարզերում ներդրվելու է մարզային համակարգողի հաստիքը։ Մարզային պատասխանատուն կլինի մշտական կապող օղակը նախարարության և տեղի դպրոցների միջև՝ իր ժամանակի մեծ մասն անցկացնելով հենց մարզում՝ տեղում խնդիրներին արագ արձագանքելու նպատակով։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հատուկ անդրադարձել է այն ուսուցիչների խնդրին, որոնք չեն ապահովել սահմանված նվազագույն պահանջները։ «Նախարարության կողմից արդեն ուղարկվել են համապատասխան ծանուցումներ և ցանկեր։ Աշխատանքից ազատման են ենթակա այն ուսուցիչները, ովքեր երեք և ավելի անգամ չեն հաղթահարել կամավոր ատեստավորումը, չունեն ատեստավորման արդյունքների 15% -ի աճ, չեն հավաքել անցումային 50-59 միավորները։ Այս ցանկերում ներառված են նաև այն մանկավարժները, ովքեր պարտավոր էին մասնակցել ատեստավորմանը, սակայն չեն մասնակցել, ինչը ևս դիտարկվում է որպես չատեստավորված կարգավիճակ»,- նշել է Սվաջյանը։
Ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում այսուհետ էական տեղ է զբաղեցնելու Արհեստական բանականության (ԱԲ) կրթական գործիքների կիրառումը։ Ընդգծվել է, որ երեխաներին ԱԲ գործիքներից օգտվելու արգելքի փոխարեն պետք է սովորեցնել դրանց ճիշտ, էթիկական և նպատակային կիրառումը։
Հանրակրթական ծրագրում փուլային տարբերակով ներդրվելու են նոր առարկաներ՝ «Անվտանգ կենսագործունեություն» և «Առողջ ապրելակերպ»։
Բարեփոխումների առանցքային գործիքներից է թվայնացումը, որը կապահովի թափանցիկ ու օբյեկտիվ կառավարում։
Խորհրդակցությանն առանձնակի անդրադարձ է կատարվել «300 դպրոց» ծրագրի շրջանակներում մարզում կառուցվող ու բարեկարգվող կրթական հաստատություններին։ Շեշտվել է, որ հատկապես գյուղական բնակավայրերում նոր ենթակառուցվածքները չպետք է փակվեն դասերից հետո։
Դպրոցներն ու կրթահամալիրները պետք է վերածվեն ակտիվ համայնքային կենտրոնների՝ ապահովելով սպորտային, մշակութային ու կրթական կյանք նաև երեկոյան ժամերին ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ «Ակտիվ համագործակցում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության հետ։ Երեխաների անվտանությունն ու դեպի դպրոց տանող ճանապարհների հասանելիությունը համատեղ օրակարգի առանցքում են։ Ունենք նոր նախագիծ, ընթացքի մեջ է դպրոցական ավտոբուսների ձեռքբերման, տրամադրման և սպասարկման գործընթացը», - հանդիպումն ամփոփեց նախարարի տեղակալը՝ օգոստոսին հանդիպելու ակնկալիքով։
Քանի որ ֆինանսական տարին արդեն կիսվել է, սեպտեմբերյան վերանայումներն ու ընթացիկ տարվա բյուջետային փակումը դեռևս կիրականացվեն մարզպետի աշխատակազմի հետ համատեղ, իսկ հունվարից համակարգն ամբողջությամբ կանցնի նոր մոդելին։