Գևորգ Պապոյանը ԱՄԷ, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները
07-07-2026 16:49 Հայաստան Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։
Նախարարը կարևորել է դեսպանությունների աջակցությունը՝ հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի ու դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման գործում։
Քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում, լոգիստիկ և տարանցիկ ուղղությունների զարգացումը, B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղություններ։
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին, լսել նրանց առաջարկությունները առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ: