Երբ խաղաղությունը մտնում է էլեկտրացանց
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Երբ խաղաղությունը մտնում է էլեկտրացանց

12-09-2026 16:10 Քաղաքականություն
Երբ խաղաղությունը մտնում է էլեկտրացանց
1in.am Բաքվից եկած մի տեխնիկական նորություն իրականում Հարավային Կովկասի ապագայի մասին քաղաքական հայտարարություն է։
 
«Ազերէներջին» ավարտել է Հայաստան-Ադրբեջան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը։ Ջաբրայիլից դեպի հայկական սահման կառուցվող 74 կիլոմետրանոց, 330 կիլովոլտանոց երկշղթա գիծն արդեն գրեթե պատրաստ է։ Նախիջևանում էլ տարածք է հատկացվել փոխակերպիչ ենթակայանի համար, որը պետք է դառնա Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապագա էլեկտրական կապի առանցքային հանգույցներից մեկը։ Բաքուն այս ամբողջ համակարգը բացահայտ կապում է TRIPP-ի էներգետիկ բաղադրիչի հետ։
 
Այլ կերպ ասած՝ ճանապարհից և երկաթուղուց հետո TRIPP-ի քարտեզի վրա հայտնվում է նաև էլեկտրականությունը և սա կարող է շատ ավելի կարևոր լինել, քան թվում է։
 
XX դարի աշխարհաքաղաքականությունը կառուցվում էր նավթամուղերի շուրջ։ XXI դարի աշխարհաքաղաքականության կարևոր ենթակառուցվածքներից մեկը լինելու է էլեկտրացանցը։ Թվայնացումը, արհեստական բանականությունը, տվյալների կենտրոնները, էլեկտրական տրանսպորտն ու վերականգնվող էներգետիկան էլեկտրաէներգիան դարձնում են ոչ միայն ապրանք, այլև ռազմավարական կապ։
 
Խողովակաշարը կապում էր հանքավայրը շուկային։ Էլեկտրացանցը կարող է կապել ամբողջ տարածաշրջանները միմյանց։
 
Բաքուն դա արդեն դիտարկում է հենց այդ տրամաբանությամբ։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարում է, որ նպատակն է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև նավթի և գազի շուրջ կառուցված Արևելք–Արևմուտք էներգետիկ համակարգը լրացնել էլեկտրաէներգիայի և կանաչ էներգիայի միջանցքներով՝ Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգիան հասցնելով Թուրքիա և եվրոպական շուկաներ։
 
Այս քարտեզի մեջ Հայաստանը այլևս պարզապես այն տարածքը չէ, որը բաժանում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանից՝ այն կարող է դառնալ այն հանգույցը, որը դրանք միացնում է։ Երեսուն տարի Հայաստանի աշխարհաքաղաքականության ամենամեծ խնդիրներից մեկը փակուղին էր։ Փակ սահմանները Հայաստանին զրկում էին ոչ միայն ճանապարհներից, այլև աշխարհագրության տնտեսական արժեքից։ Տարածքը կար, բայց տարանցումը՝ ոչ։ Հայաստանը գտնվում էր Արևելքի և Արևմուտքի միջև, սակայն այդ դիրքը չէր կարողանում վերածել կապիտալի։
 
TRIPP-ի իրական նշանակությունը հենց այստեղ է։ Եթե Հայաստանի տարածքով անցնեն երկաթուղի, ավտոճանապարհ, թվային կապ, իսկ հետագայում նաև էլեկտրաէներգետիկ գծեր, ապա երկրի աշխարհագրությունը սկսում է աշխատել երկրի օգտին, բայց այստեղ Հայաստանի համար անհրաժեշտ է մի սկզբունքային տարբերակում՝ Հայաստանը չպետք է լինի պարզապես տարածք, որով Ադրբեջանը միանում է Նախիջևանին և Թուրքիային։ Հայաստանը պետք է լինի այդ տարածաշրջանային էներգետիկ համակարգի լիարժեք մասնակիցը։ Սրանք բոլորովին տարբեր տնտեսական մոդելներ են։
 
Առաջինի դեպքում Հայաստանն ունի գիծ իր տարածքում և ստանում է տարանցման որոշ եկամուտ։ Երկրորդի դեպքում հայկական էներգահամակարգը միանում է Ադրբեջանի և Թուրքիայի համակարգերին, կարողանում է էլեկտրաէներգիա գնել, վաճառել, փոխանակել և տարբեր ուղղություններով տեղափոխել։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունվարին արդեն խոսել է հենց այդ տրամաբանության մասին՝ առաջարկելով Հայաստանի էներգահամակարգը կապել Թուրքիայի և Ադրբեջանի համակարգերին։ Նրա փաստարկն այն էր, որ դա Հայաստանի համար կբացի ավելի մեծ շուկաներ, իսկ փոխկախվածությունը կդառնա անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Սա խաղաղության շատ ավելի լուրջ տեսություն է, քան բազմաթիվ հայտարարությունները։
 
Եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքով միանում է Նախիջևանին և Թուրքիային, իսկ Հայաստանը չի ստանում համարժեք հասանելիություն տարածաշրջանային շուկաներին, առաջանում է ոչ թե փոխկախվածություն, այլ միակողմանի տարանցում։ Այդ պատճառով Հայաստանի բանակցային խնդիրը պետք է լինի ոչ միայն գծի անցկացման պայմանները, այլ ամբողջ էներգետիկ ճարտարապետության մեջ սեփական տեղը։
 
Հայաստանն արդեն էլեկտրական կապ ունի Իրանի և Վրաստանի հետ։ Թուրքիային և Ադրբեջանին միացումը տեսականորեն կարող է այն վերածել չորս ուղղությամբ աշխատող էներգետիկ հանգույցի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է ոչ միայն սեփական արտադրանքը արտահանել, այլև մասնակցել տարածաշրջանային էլեկտրաէներգիայի փոխանակմանը և տարանցմանը։ Այստեղ արդեն աշխարհատնտեսությունն է սկսում փոխել աշխարհաքաղաքականությունը։
 
Տասնամյակներ շարունակ Հայաստանի էներգետիկ անվտանգության գլխավոր սկզբունքը մեկուսացումն էր՝ ունենալ սեփական արտադրություն և հնարավորինս քիչ կախված լինել հակամարտող հարևաններից։ Դա պատերազմական տարածաշրջանի տրամաբանություն էր։
 
Խաղաղ տարածաշրջանի տրամաբանությունը հակառակն է՝ ունենալ հնարավորինս շատ կապեր, մատակարարներ, շուկաներ և ուղղություններ։
 
Անվտանգությունը երբեմն պատն է, երբեմն էլ անվտանգությունը բազմաթիվ դռներ ունենալն է։
 
Բաքվի հայտարարության մեջ, սակայն, կա նաև զգուշացնող հանգամանք։ Ադրբեջանական պաշտոնական բառապաշարում շարունակում է օգտագործվել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, մինչդեռ TRIPP-ի հիմքում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունն են։ Հետևաբար ենթակառուցվածքային ինտեգրումը պետք է զարգանա ոչ թե ինքնիշխանության հաշվին, այլ հենց ինքնիշխան պետությունների փոխադարձ շահի հիման վրա։ Սա այն սահմանն է, որտեղ տնտեսական հնարավորությունը հանդիպում է քաղաքական պատասխանատվությանը։
 
Բաքուն արդեն նախագծում է գիծը։ Նախիջևանում արդեն տեղ է հատկացվում ենթակայանին։ Թուրքիան և Ադրբեջանը քննարկում են էլեկտրահամակարգերի փոխկապակցման ապագա գիծը, այսինքն՝ տարածաշրջանի ապագա էներգետիկ քարտեզը դադարում է լինել տեսություն և սկսում է վերածվել ինժեներական նախագծի։
 
Հայաստանի խնդիրը հիմա այդ քարտեզի վրա պարզապես ճանապարհ տրամադրելը չէ։ Մեր խնդիրը հանգույց դառնալն է, որովհետև տարանցիկ տարածքը վարձ է ստանում իր աշխարհագրությունից։ Հանգույց պետությունը աշխարհագրությունը վերածում է ազդեցության և եթե TRIPP-ը կարողանա Հայաստանը փակ սահմանների միջև գտնվող երկրից դարձնել ճանապարհների, երկաթուղիների, տվյալների և էլեկտրաէներգիայի հատման վայր, ապա նրա ամենամեծ արդյունքը գուցե նույնիսկ Ադրբեջանի և Նախիջևանի կապը չլինի։
 
Այն կլինի Հայաստանի աշխարհագրության վերադարձը հայկական տնտեսություն։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 319 անգամ