1in.am Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին Nouvelles d’Arménie Magazine-ին տված հարցազրույցում իր երեք տարին ամփոփել է մի ձևակերպմամբ, որը շատ ավելին է ասում, քան սովորական դիվանագիտական գնահատականը։ Ֆրանսիան, նրա խոսքով, Հայաստանի նկատմամբ ունի հստակ գիծ՝ «ամբողջական, անվերապահ և հետևողական աջակցություն»։ Իսկ պատմական բարեկամության վրա կառուցված հարաբերությունն արդեն դարձել է ռազմավարական, բայց Դեկոտինյիի հրաժեշտի հարցազրույցն ավելի հետաքրքիր է որպես Հայաստանի վերջին տարիների աշխարհաքաղաքական վերափոխման վկայություն՝ այն մոտիկից հետևած եվրոպացի դիվանագետի դիտանկյունից։
Նա Երևան էր ժամանել 2023-ին՝ Արցախի հայաթափման և Հայաստանի հին անվտանգային համակարգի փլուզման պահին։ Հեռանում է մի երկրից, որը փորձում է իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը կառուցել նոր սկզբունքով՝ Մոսկվայից կախվածության փոխարեն կառուցելով գործընկերությունների բազմաշերտ համակարգ, որը ընդլայնում է Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունն ու ընտրության ազատությունը։
Դեսպանի ամենադիպուկ ձևակերպումն այս մասին է․ Հայաստանը հասկացավ, որ իր դաշնակիցները միշտ չէ, որ իր բարեկամներն են, իսկ բարեկամները՝ դաշնակիցները։ 2021-22 թվականներին, երբ վտանգն արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին էր վերաբերում, ռուսական անվտանգության համակարգը չաշխատեց։
Հարյուր հիսուն տարվա պաշտպանական պատկերացումը փլվեց երկրի իրական սահմանին։
Հայաստանի համար վճռորոշն այստեղ մեկ կախվածությունից մյուսին չանցնելն է։ Ռուսական հենարանի փլուզումից հետևությունը նոր հովանավոր փնտրելը չէ, այլ այնպիսի անվտանգային համակարգ կառուցելը, որտեղ ոչ մի արտաքին ուժ Հայաստանի համար անփոխարինելի չի դառնում։
Ֆրանսիայի հետ հարաբերությունների նոր որակը հենց այս համատեքստում է կարևոր։ Փարիզը դարձավ ՆԱՏՕ-ի առաջին մայրաքաղաքը, որը ՀԱՊԿ անդամ Հայաստանին բացեց արևմտյան ժամանակակից պաշտպանական համակարգերի հասանելիությունը։ Երևանում ստեղծվեց ֆրանսիական պաշտպանական առաքելություն, իսկ ռազմական համագործակցությանը հաջորդեցին ենթակառուցվածքային ծրագրերը, ներդրումային կապերն ու աջակցությունը Հայաստանի եվրոպական մերձեցմանը։ Այսպիսով պատմական բարեկամությունը աստիճանաբար ձեռք է բերում ռազմավարական հարաբերության ինստիտուցիոնալ հիմք։
Սակայն Ֆրանսիայի հետ մերձեցման իմաստը Ռուսաստանին նոր հովանավորով փոխարինելը չէ։ Հայաստանն այսօր միաժամանակ խորացնում է հարաբերությունները Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Չինաստանի, Ծոցի երկրների և Իրանի հետ։ Սա սոսկ արտաքին կապերի ընդլայնում չէ․ Հայաստանը փորձում է Ռուսաստանից՝ մեկ կենտրոնից կախված անվտանգության մոդելը փոխարինել փոխլրացնող գործընկերությունների համակարգով՝ մեծացնելով սեփական ռազմավարական ինքնուրույնությունը։
Նույն կախվածությունը Հայաստանը պետք է հաղթահարի նաև տնտեսության մեջ:
Տասնամյակներ շարունակ ռուսական շուկան Հայաստանի համար եղել է ոչ միայն արտահանման հիմնական ուղղություններից մեկը, այլև քաղաքական ազդեցության գործիք։ Երբ շուկայի հասանելիությունը կարող է սահմանափակվել Երևանի արտաքին քաղաքական ընտրությունների պատճառով, տնտեսական կախվածությունը վերածվում է քաղաքական խոցելիության։ Դեկոտինյիի ձևակերպմամբ՝ Ռուսաստանը հենց այստեղ է դառնում անվստահելի առևտրային գործընկեր․ շուկայի հասանելիությունը վերածվում է քաղաքական ճնշման գործիքի։ Եվրոպայի արձագանքը հակառակ տրամաբանությամբ էր՝ ռուսական սահմանափակումներին պատասխանել հայկական ապրանքների համար եվրոպական շուկայի հասանելիությունը ընդլայնելով։
Տարբերությունը միայն շուկայի աշխարհագրության մեջ չէ՝ խնդիրն այն է, թե տնտեսական կապը կախվածություն է ստեղծում, թե՝ կանոններով պաշտպանված հնարավորություն։ Մի դեպքում շուկայի դուռը կարող է փակվել քաղաքական անհնազանդության համար, մյուս դեպքում այն բաց է մնում այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են հստակ և բոլորի համար նույն կանոնները։
Եվրոպան, սակայն, ամենևին ավելի հեշտ գործընկեր չէ։ Եվրոպական շուկան պահանջում է որակ և մրցունակություն, եվրոպական քաղաքական համակարգը՝ իրավունքի գերակայություն, ազատություններ և ուժեղ հաստատություններ։ Պատահական չէ, որ Հայաստանի եվրոպական մերձեցման մասին խոսելիս Դեկոտինյին միաժամանակ զգուշացնում է մամուլի ազատության ցուցանիշների վատթարացման մասին։
Սա է հովանավորության և ինտեգրման տարբերությունը։
Հովանավորը հավատարմություն է պահանջում։ Համակարգը՝ համապատասխանություն կանոններին։
Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի հենց այդ տրամաբանությամբ՝ տարբեր պաշտպանական գործընկերներ, տարբեր շուկաներ, տարբեր տնտեսական կապեր և հնարավորինս քիչ անփոխարինելի կախվածություններ։
Դեկոտինյին հարցազրույցում ասում է նաև մի պարզ, բայց կարևոր բան․ Հայաստանը փոքր երկիր է, բայց երեխա չէ։ Այն կարող է որոշումներ ընդունել և սեփական շահերը սահմանել։ Փոքր պետության ուժը մեծ տերությանը նմանվելը չէ։ Նրա ուժը ընտրության հնարավորությունը չկորցնելն է։ Հետևաբար Ֆրանսիայի ամենամեծ ծառայությունը Հայաստանին այն չի լինի, եթե դառնա նրա նոր հովանավորը։ Ֆրանս-հայկական ռազմավարական հարաբերությունն իր իրական նպատակին կհասնի, եթե օգնի Հայաստանին դառնալ այնպիսի պետություն, որն այլևս հովանավորի կարիք չի ունենա։
Դեկոտինյին հեռանում է՝ հիշեցնելով, որ մեծ տերության ուժը նաև նրա հուսալիությունն է՝ խոստումը պահելու կարողությունը։
Հայաստանի համար այդ մտքի հակառակ կողմն ավելի կարևոր է։ Ինքնիշխանությունը սկսվում է այնտեղ, որտեղ որևէ բարեկամի կորուստ այլևս չի նշանակում պետության անվտանգության, տնտեսության կամ ապագայի կորուստ։