Գևորգ սրբազանի գործը. փակ դռների հետևում մնացած հարցը
19-09-2026 17:25 Հայաստան Քաղաքականություն
1in.am Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան հոգևորականների դատավարության առաջին նիստում ամենահնչեղ նախադասությունը վարչապետի մասին էր՝ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ Հայաստանի վարչապետը եպիսկոպոս նշանակելու կամ ազատելու իրավասություն չունի։
Իրավական առումով սա անվիճելի ելակետ է։ Հայաստանի Սահմանադրությունը կրոնական կազմակերպություններն անջատում է պետությունից և երաշխավորում նրանց գործունեության ազատությունը։ Նույն Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։ Վարչապետը եպիսկոպոս չի նշանակում, կառավարությունը եկեղեցական աստիճան չի շնորհում, պետական մարմինը չի կարող որոշել եկեղեցական կանոնի բովանդակությունը կամ վերանայել հոգևոր իշխանության կանոնական որոշումները։
Բայց այս գործի իրական հանգույցը վարչապետը չէ։ Հանգույցը Գևորգ Սարոյանն է։
Սարոյանը եկեղեցուց դուրս եկած աշխարհիկ քաղաքական գործիչ չէ։ Նա երկար տարիներ ապրել է այդ համակարգի ներսում, ղեկավարել թեմ, կրել եպիսկոպոսական աստիճան և հետո հենց ներսից վիճարկել կառավարման այն եղանակը, որը համարում է եկեղեցու քաղաքականացման արտահայտություն։ Սեպտեմբերի 18-ին նա կրկին պնդեց՝ իր ընդվզման պատճառը եկեղեցին կուսակցությունների կամ արտաքին ուժերի քաղաքական գործիք դարձնելու վտանգն է։ Մայր Աթոռը նրա հեռացման համար հրապարակել է լրիվ այլ հիմնավորումներ՝ պաշտոնեական պարտականությունների թերացում, հոգևորականների նկատմամբ ճնշում, անհնազանդություն և թեմի աշխատանքի խաթարում։
Հենց այս հակասությունն է գործը կարևոր դարձնում։ Հունվարի 10-ին Սարոյանն եպիսկոպոսն ազատվեց Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նա դիմեց քաղաքացիական դատարան, որովհետև եկեղեցու ներսում այդ կամայական որոշումը բողոքարկելու որևէ հնարավորություն չկա: Հունվարի 16-ին դատարանը որպես հայցի ապահովման միջոց պարտավորեցրեց եկեղեցուն մինչև վերջնական դատական ակտը չխոչընդոտել նրա պաշտոնավարմանը և թեմի ֆինանսական լիազորությունների իրականացմանը։ Հունվարի 27-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սարոյանը կարգալույծ հռչակվեց։ Դատախազության ներկայիս մեղադրանքը կապված է հենց դատարանի այդ միջանկյալ ակտի կատարման ենթադրյալ խոչընդոտման հետ։
Այստեղ երկու իրավական սկզբունք բախվում են միմյանց՝ առաջինը եկեղեցական ինքնավարությունն է։ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը շատ խիստ է այս հարցում։ Կրոնական համայնքի ինքնավար գոյությունը համարվում է կրոնական ազատության հիմնական բաղադրիչ, իսկ պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն և անաչառություն։ Ստրասբուրգի դատարանը Բուլղար ուղղափառ եկեղեցու շուրջ վեճում նույնիսկ պետական աջակցությունը ներեկեղեցական կողմերից մեկին գնահատել է որպես Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում։ Սա պաշտպանական կողմի լուրջ փաստարկն է։ Պետությունը չի կարող կաթողիկոսի փոխարեն որոշել եկեղեցական աստիճանի կանոնական վավերականությունը։
Բայց Սարոյանի գործը դրանով չի սպառվում։ Նրա պաշտոնը ունեցել է նաև իրավական, գույքային և կառավարչական հետևանքներ։ Թեմի առաջնորդը տնօրինում է հաշիվներ, իրականացնում է ֆինանսական գործարքներ, ղեկավարում է իրավաբանական անձի գործունեության կարևոր ուղղությունները։ Դատարանի հունվարին կայացրած որոշումն էլ հենց այդ լիազորություններն էր ժամանակավորապես պաշտպանել մինչև հիմնական հայցի քննությունը։
Այստեղ արդեն առաջանում է Հայաստանի համար շատ ավելի դժվար հարց։ Կրոնական ինքնավարության սահմանը ո՞ր կետում է հանդիպում քաղաքացու դատական պաշտպանության իրավունքին։ Սույն հարցի պատասխանը չի կարող տրվել քաղաքական հայտարարությամբ և չի կարող փակվել «եկեղեցու ներքին գործ» ձևակերպմամբ։ Եկեղեցական ինքնավարությունը չի վերացնում իրավական պատասխանատվությունը, իսկ քաղաքացիական դատարանը չի կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթ։
Գևորգ սրբազանի գործի արժեքը հենց այս սահմանը տեսանելի դարձնելու մեջ է։ Նա նաև ավելի անհարմար հարց է բերել դատարան ՝ եկեղեցու ներսում տարաձայնություն ունեցող հոգևորականը ի՞նչ իրական պաշտպանության միջոց ունի։ Մայր Աթոռը պնդում է՝ Սարոյանը խախտել է հնազանդության ուխտը և եկեղեցական կարգապահությունը։ Սարոյանը պատասխանում է՝ ներսի ատյանները չեն գործում, իսկ իր բողոքը ծնվել է եկեղեցու քաղաքականացման դեմ ընդվզումից։
Այս հարցը շատ ավելի խորն է, քան որևէ եպիսկոպոսի պաշտոնը։ Փակ համակարգերը կարող են երկար պահպանել արտաքին միասնականության տպավորությունը, բայց այդ պատկերը հաճախ ծածկում է ներսում կուտակված դժգոհություններն ու խորացող հակասությունները։ Կենսունակ հաստատությունը դրանցից չի խուսափում․ այն ունի ներսից բարձրացած հարցը լսելու, քննելու և համոզիչ պատասխան տալու կարողություն։
Հայ եկեղեցու համար Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հենց այդ փորձությունն է։ Նրա բոլոր պնդումները դատարանում կարող են չհաստատվել։ Նրա յուրաքանչյուր գործողություն նույնպես ինքնաբերաբար իրավաչափ չի դառնում։ Նույն չափանիշը վերաբերում է Մայր Աթոռին։ Կանոնական իշխանության գոյությունը ինքն իրենով չի պատասխանում հնարավոր կամայականության, ներքին հաշվետվողականության կամ քաղաքական ներգրավվածության մասին բարձրացված հարցերին։
Այս դատը չպետք է նեղացնել «Փաշինյան ընդդեմ Կաթողիկոսի» պարզունակ հակադրության շրջանակում։ Գործի կենտրոնում մարդ է, որը եկեղեցու ներսում վիճարկել է իր վերադասի որոշումը, դիմել քաղաքացիական դատարան և ստացել ժամանակավոր դատական պաշտպանություն։ Դրանից հետո եկեղեցական իշխանությունը նրան զրկել է աստիճանից, իսկ պետությունը քրեական վարույթ է սկսել դատական ակտի ենթադրյալ չկատարման հիմքով։
Այդ շղթայի յուրաքանչյուր օղակ առանձին իրավական քննություն է պահանջում ու հենց այստեղ դատարանի պատասխանատվությունը դառնում է պատմական։
Դատարանը չպետք է որոշի՝ ով է «իսկական» եպիսկոպոս։ Նրա խնդիրը շատ ավելի հստակ է՝ սահմանել պետության միջամտության իրավական սահմանները, ապահովել դատական ակտի պարտադիր ուժը և պահպանել եկեղեցու ինքնավարությունը՝ չվերածելով դատարանը եկեղեցական իշխանության փոխարինողի և եկեղեցին՝ քաղաքացիական իրավունքի նկատմամբ արտոնյալ տարածքի։
Գևորգ եպիսկոպոսի գործը վաղուց արդեն մեկ հոգևորականի անձնական վեճը չէ։ Այս դատով Հայաստանը սահմանում է իրավական պետության սահմանները նաև եկեղեցու նկատմամբ՝ որքան հեռու կարող է գնալ պետությունը և որքան հեռու կարող է գնալ եկեղեցին։