ԱՄՆ-Ը ԵՎՍ 170 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԿՏԱՄԱԴՐԻ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ<br /> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ <br />


ԱՄՆ-Ը ԵՎՍ 170 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԿՏԱՄԱԴՐԻ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

  • 24-09-2007 16:32:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 24-ին Երեւանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան ստորագրեցին «Թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին» հայ-ամերիկյան միջկառավարական նամակ-համաձայնագրի 6-րդ արձանագրությունը: Փաստաթղթով հայկական կողմին կտրամադրվի շուրջ 170 հազար ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն, ինչով նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր ՀՀ ոստիկանության համար. հրաձգարանի կառուցում եւ ներքին համակարգչային ցանցի ստեղծում: 2001թ. հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագրի ստորագրումից ի վեր Հայաստանի իրավապահ մարմիններին տրամադրվել է շուրջ 8 մլն. դոլար գումար: Այդ միջոցներով իրականացված աշխատանքների թվում են. ՀՀ ԳԱԱ առընթեր անկախ փորձագիտական կենտրոնի եւ իրավապահ տարբեր մարմիններում համակարգչային ուսումնական լսարանների ստեղծում, սահմանային կետերի տեխնոլոգիական արդիականացում եւ այլն: Ռ.Փերինան լրագրողներին հայտնեց իր երկրի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ: Նա կարեւորեց երկկողմ, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում իրավապահ մարմինների համագործակցությունը, հաշվի առնելով միջազգային ահաբեկչության աճը:
Նոյյան տապան  -   Հասարակություն