ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ «ԱԼԱՆ<br /> ՀՈՎՀԱՆՆԵՍ» ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ<br />


ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ «ԱԼԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ» ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

  • 30-11-2004 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 30-ին կկայանա «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: 1984թ. Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում հիմնադրված նվագախումբը սկզբնական շրջանում կոչվում էր Ուսուցիչների կամերային նվագախումբ: Հետագայում, 2002թ.-ին, այն վերանվանվում է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի անունով: Ինչպես նոյեմբերի 30-ի ասուլիսում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Մերուժան Սիմոնյանը, Ալան Հովհաննեսը 20-րդ նշանավոր երաժիշտներից մեկն է, որի ստեղծագործությունները կատարում են աշխարհի հայտնի նվագախմբերը: Մ.Սիմոնյանի խոսքերով, նվագախմբի գործունեությունն իր հիմքում մի շարք առումներով համահունչ է կոմպոզիտորի ստեղծագործական կերտվածքին, հատկապես նորագույն երաժշտության ընկալման եւ մեկնաբանությունների հարցում: Նվագախումբն այսօր իր երկացանկում ներառում է ժամանակակից հայ կոմպոզիտորների 50-ից ավելի ստեղծագործություններ: Նվագախումբը դրանցից 30-ի առաջին կատարողն է եղել: Մ.Սիմոնյանը նշեց, որ նվագախմբի 20-ամյակին նվիրված հանդիսությանն ու համերգին հրավիրվել էին նաեւ Ալան Հովհաննեսի կինը` ազգությամբ ճապոնուհի Հինակո Հովհաննեսը, սակայն վատառողջ լինելու պատճառով նա չի կարողացել ժամանել Հայաստան: Նրա փոխարեն, սակայն, եկել է կոմպոզիտորի մտերիմ բարեկամը` ամերիկացի դաշնակահար Մարտին Բերկոֆսկին: Նա բերել է հանգուցյալ կոմպոզիտորի ստեղծագործությունների եզակի նոտաները, անձնական նամակներն ու հոդվածները, որոնք պահպանության կտրվեն Եղիշե Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play