Կասպյան պատերազմի ուրվականը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Կասպյան պատերազմի ուրվականը

15-09-2025 19:34 Ի՞նչ է գրում մամուլը
Կասպյան պատերազմի ուրվականը
1in.am Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղի մամուլի ծառայությունը հրամանատարա-շտաբային զորավարժությունների սկսելու մասին հաղորդագրություն է տարածել, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
 
Ըստ պաշտոնական տեղեկությունների, զորավարժություններին ներգրավված են տասնհինգ ռազմանավեր, ինչպես նաև մարտական օդուժ և առափնյա պաշտպանության հրթիռային միջոցներ:
 
Զորավարժությունների գործնական մասով նախատեսվում է իրականացնել նավատորմիղի տեղակայման վայրերի և Կասպից ավազանում ՌԴ տնտեսական գոտու պաշտպանության, ԱԹՍ-երի և հեռակառավարվող նավակների հարձակումը կանխելու գործողություններ: Ընդհանուր առմամբ ծրագրված է իրականացնել մարտական քսանհինգ վարժություններ:
 
Ինչպես մամուլն է գրում, ավելի վաղ ՌԴ ՌԾՈՒ Կասպից նավատորմիղը զորավարժություններ անցկացրել է հուլիս և օգոստոս ամիսներին: Ընդ որում, հուլիսյան զորավարժություններն անցկացվել են Իրանի Ռազմածովային ուժերի հետ համատեղ:
 
Կասպյան ավազանում և նրա շուրջ ռազմա-աշխարհաքաղաքական իրավիճակը սրվում է: Հայտնի է դարձել, որ ադրբեջանական երկու նավթահանքերում երկրաբանա-հետախուզական աշխատանքների արտոնությունը բրիտանական BP-ն փոխանցել է Թուրքիային: Լրջորեն քննարկվում է Տրանսկասպյան գազատարի կառուցման ծրագիրը:
 
Էներգետիկ այդ նախագծերն ուղղված են Ռուսաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի դեմ: Կասպից ավազանում արտատարածաշրջանային երկրների ներկայության դեմ է նաև Իրանը: Նոր նախագծումներին ներգրավվում են Ղազախստանը և Թուրքմենստանը, դիտարկվում է նաև Ուզբեկստանի մասնակցությունը:
 
Կասպյան ավազանում ազդեցության թուլացումն Ռուսաստանի համար հղի է Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական կորուստների հեռանկարով: Մեծ է հավանականությունը, որ մեկնարկած զորավարժություններն զգուշացում են Ադրբեջանին: Շահերի սուր բախման դեպքում Կասպից ավազանը կարող է վերածվել ռազմական լուրջ բախման թատերաբեմի:
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 351 անգամ