Ճապոնիայի հարավում թայֆունի հետևանքով տասներկու մարդ է տուժել
11-07-2026 15:09 Ճապոնիա Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում տասներկու մարդ է տուժել հզոր «Բավի» թայֆունի հարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ վնասվածքների (հիմնականում՝ կապտուկների) մեծ մասն առաջացել է թռչող բեկորների հարվածների կամ փոթորկալից քամու պատճառով մարդկանց վայր ընկնելու հետևանքով։ Միյակո հանգստավայր-կղզում երկու կին զբոսաշրջիկի ալիքները քշել-տարել են, սակայն նրանց հաջողվել է վերադառնալ ափ։
Թայֆունի գոտում քամու արագությունը գերազանցում է 40 մ/վ-ը՝ որոշ հատվածներում հասնելով 55 մ/վ-ի։ Նման պոռթկումները բավականաչափ ուժեղ են մարդատար ավտոմեքենա շրջելու համար։ «Բավի»-ն 25 կմ/ժ արագությամբ հյուսիս-արևմտյան ուղղությամբ շարժվում է Օկինավայով դեպի Չինաստանի ափ։
Փոթորկալից քամիներն ուղեկցվում են հորդառատ տեղումներով։ Մինչև հուլիսի 12-ի առավոտն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում կարող է մինչև 250 մմ տեղում թափվել։ Իշխանությունները բնակչությանը զգուշացնում են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։
Օկինավայի գլխավոր կղզու և պրեֆեկտուրայի ավելի փոքր կղզիների օդանավակայաններում ընդհանուր առմամբ 220 չվերթ է չեղարկվել։ Միյակո կղզում խափանվել է էլեկտրամատակարարումը, և լուսացույցները չեն աշխատում։ Թայֆունի պատճառով լիովին դադարեցվել է լաստանավային և նավակային հաղորդակցությունը։