Իրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցություններ խնդրելու մասին տեղեկությունը, սակայն հաստատել է, որ Կատարի միջնորդը Մաշհադ է այցելել՝ հրադադարի հուշագրի կատարման ընթացքը քննարկելու նպատակով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։
Իրանական պետական հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Բաղային նշել է, որ Կատարի միջնորդի այցը տեղի է ունեցել միջնորդ կողմի նախաձեռնությամբ, այլ ոչ թե Թեհրանի խնդրանքով։«Մենք Ամերիկայի հետ բանակցություններ չենք խնդրել, սակայն մեր սովորական պատասխանատու մոտեցման հիման վրա չենք մերժել տարածաշրջանային միջնորդի՝ Իրան այցելելու խնդրանքը»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Բաղային հայտարարել է, որ Իրանը Կատարի կողմին ներկայացրել է իր դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պարբերաբար խախտել է հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը՝ նոր ռազմական հարվածների, պատժամիջոցների և Իրանի նավթի վաճառքի լիցենզիայի չեղարկման միջոցով։Իրանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ հուշագիրը ստորագրելուց ընդամենը 22 օր անց ԱՄՆ-ը բազմիցս խախտել է դրա դրույթները։
Նա նշել է, որ Իրանը առաջնորդվելու է «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքով։«Մենք որևէ պարտավորություն չենք իրականացնի առանց փոխադարձ քայլի։ Եթե մյուս կողմը խախտի իր պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր»,- ասել է Բաղային։Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նիստին՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այն գումարվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պահանջով՝ 2231 բանաձևի հիման վրա։ Բաղային ընդգծել է, որ այդ բանաձևի գործողության ժամկետն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։
Նրա խոսքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են եղել նիստի անցկացմանը, իսկ քննարկումը որևէ արդյունք չի տվել։Բաղային նաև մերժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի պահանջները ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտներ՝ նշելով, որ միջազգային կառույցները ժամանակին չեն դատապարտել այդ հարվածները։
Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է նաև, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը կմեկնի Օման՝ շարունակելու Հորմուզի նեղուցում անվտանգ ծովային տարանցման շուրջ խորհրդակցությունները։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին հայտարարել էր, թե Իրանը ԱՄՆ-ին խնդրել է վերսկսել բանակցությունները, ինչին ինքը համաձայնություն է տվել, սակայն նաև շեշտել է, որԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարն ավարտված է։