Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
04-07-2026 16:05 Քաղաքականություն
1in.am ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ հուլիսի 2-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը CNN Turk-ին ընդարձակ հարցազրույց է տվել։ Հարցին, թե արդյոք գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ և Թուրքիայի նախագահների առանձին հանդիպում նախատեսվա՞ծ է, Ֆիդանը հստակ պատասխան չի տվել, միայն ասել է, որ Էրդողանը «մի շարք երկկողմ բանակցություններ կվարի»։ Թուրք դիվանագետը, սակայն, կրկնել է ավելի վաղ մամուլում տարածված թեզը, որ եթե Թուրքիայի նախագահից «առանձին հրավեր չստանար, Դոնալդ Թրամփը հազիվ թե մասնակցեր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»։
Ֆիդանը Իսրայելի հասցեին շատ կոշտ հայտարարություն է արել՝ ասելով, որ այդ երկիրը «այլևս բեռ է դարձել միջազգային հանրության համար»։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը իր հերթին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել Թուրքիայի «ցեղասպան նկրտումները զսպել»։
Այս ֆոնին Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ հուլիսի 3-ին վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Կողմերը պայմանավորվել են «մոտալուտ հանդիպման մասին»։ Իսրայելական vesty-ն, մինչդեռ, տեղեկություն է փոխանցել, որ խոսքը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում «ենթադրվող հանդիպման մասին» է։
Թուրքական մամուլում իշխող տպավորություն է, որ ԱՄՆ նախագահը «պետք է չեղյալ հայտարարի Թուրքիային սպառազինությունների վաճառքի արգելքը»։ ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ այդ արգելքը կիրառել է, երբ Թուրքիան Ռուսաստանից հակաօդային պաշտպանության C 400 համալիր է ձեռք բերել։
Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև «սառնություն է սկսվել» իրանա-ամերիկյան «Փոխըմբռնման մասին» հուշագրի ստորագրումից հետո։ Երուսաղեմում համոզված են, որ Իրանը «սպառնալիք կմնա, քանի դեռ կրոնապետական ռեժիմը փլուզված» չէ։ Մի շարք փորձագետներ պնդել են, որ արաբա-իսրայելական «հաշտեցումը իրատեսական» չէ, և ԱՄՆ նախագահի «Աբրահամյան համաձայնությունները» գործնականում «նվազ արդյունավետ են, քան նա կարծում» էր։
Պարզամտություն կլինի սպասել, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Թուրքիայի և Իսրայելի միջև «ամերիկյան ընտրության հարցում» պարզություն է մտցնելու։ Այդուհանդերձ, եթե Թրամփ-Էրդողան առանձին հանդիպում կայանա, ապա դրա արդյունքների մասին տեղեկատվությունից և փորձագիտական գնահատականներից, թերևս, հնարավոր կլինի ենթադրել, թե ի՞նչ հեռանկար է ընտրում Թուրքիան։ Իսկ դա էական նշանակություն ունի հայ-թուրքական կարգավորման գործընթացի համար։