«Ես պրոբլեմ եմ տեսնում, որ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ». Փաշինյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

«Ես պրոբլեմ եմ տեսնում, որ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ». Փաշինյան

20-08-2026 14:28 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
«Ես պրոբլեմ եմ տեսնում, որ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ». Փաշինյան
 
Ազատություն. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ խնդիր է տեսնում, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը «այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ»:
 
«Իսկ ո՞վ է ասել ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը էս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ, ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ էս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ: Ինչի՞ է եղել ազատության մեջ: Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ... ես պրոբլեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ: Էդ իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա», - այսօր հայտարարեց վարչապետը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը մի կողմից խոսում է դատաիրավական ոլորտի կոռումպացվածության մասին, սակայն իր իսկ հայտարարություններից հետո ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվում ու կալանավորվում:
 
Փաշինյանը պնդեց, թե դատաիրավական համակարգը շատ հաճախ «այսպես ասած վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է» դարձել և որ դրա պատճառը սահմանադրական կարգավորումներն են:
 
Վարչապետը խոստացավ՝ առաջիկայում այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնա:
 
Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:
 
Կալանավորված Գագիկ Ծառուկյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս խորհրդարանական ընտրություններից հետո:
 
70-ամյա Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, երբ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց երկու տեղամասերում քվեարկության արդյունքները: Արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» որոշիչ մեծամասնության հասավ խորհրդարանում:
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն

Կարդացել են 80 անգամ