Զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
21-08-2026 12:12 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Հայկական ժամանակ. Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:
Տեղի ունեցած վրաերթի ժամանակ մեկ զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել վնասվածքներ: ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել: Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում. նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ: