Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել
01-10-2026 17:28 Հայաստան Քաղաքականություն
azatutyun.am Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ այսօր ժամը 14:15-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին: Նրան ձերբակալել են:
Շաքիի գյուղապետը «Ազատությանը» պատմել է, որ տուժողը տեղացի մի կին է, իսկ դեպքը տեղի է ունեցել նրա երեք երեխաների ներկայությամբ:
Ըստ ԱԱԾ-ի՝ երկու օր առաջ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ», - հայտնում է ԱԱԾ-ն:
Թե ինչու չի հաջողվել նախորդող օրերին կանխել զինված ադրբեջանցու մուտքը Հայաստան կամ ավելի շուտ հայտնաբերել նրան, քան նա կհասներ գյուղական բնակավայր, պարզ չէ: Արդյոք տեղի բնակչությունը զգուշացվե՞լ է զինված ադրբեջանցի զինծառայողի փախուստի և Հայաստանի սահմանը հատելու մասին, ևս հստակ չէ:
Այսօր արդեն, ըստ ԱԱԾ-ի, ոստիկանությունը ահազանգ է ստացել կրակոցի մասին:
«Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», - հայտնում է ԱԱԾ-ն:
Շաքիի գյուղապետի խոսքով՝ տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. - «Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում»:
Ըստ Մանուչարյանի՝ իր տեսած տղամարդը զինվորական հագուստով չի եղել, այլ «սև շալվարով, բոթասներով». - «Մտել էր էդ կնոջ տուն, էդ կնոջ տնից դուրս էր եկել, փախել էր, ինքն էլ էր վիրավոր, արյան հետքերով գնացինք, որ ասում եմ գնացինք՝ նկատի ունեմ ես՝ իրավապահների խմբերի հետ, իրենք էլ վնասազերծեցին»:
Շաքիի գյուղապետն ասաց, որ ավտոմատով տղամարդու կրծքավանդակի շրջանում ենթադրաբար դանակով հասված վնասվածք է նկատել: