1in.am Տասը տարի առաջ Brexit-ը ընկալվում էր որպես Եվրոպական միության տրոհման սկիզբ։ Այն դարձավ օրինակ նրանց համար, ովքեր կարծում էին, որ ԵՄ-ից դուրս պետությունը կարող է ավելի ազատ և արդյունավետ գործել։ Այսօր արդեն հենց Բրիտանիան է վերանայում այդ ընտրության արդյունքները։ Բրիտանական փորձը ցույց տվեց, որ ԵՄ-ից հեռանալն ինքնին չի նշանակում ավելի մեծ ազատություն ու ուժ։ Brexit-ի հետևանքները առավել տեսանելի դարձան տնտեսության, առևտրի և քաղաքական ազդեցության ոլորտներում։ Բրիտանիան կորցրեց այնպիսի հնարավորությունների մի մասը, որոնք ԵՄ ներսում հասանելի էին առանց լրացուցիչ պայմանների։ Հիմա Լոնդոնը փորձում է վերականգնել այդ կապերի մի մասը։ Այդ պատճառով Brexit-ը աստիճանաբար դառնում է ոչ թե օրինակ, այլ զգուշացում։
Եվրոպայի հետ հարաբերությունների հարցը Բրիտանիայում կրկին դարձել է երկրի ապագայի մասին հիմնական քաղաքական քննարկումներից մեկը։ Էնդի Բերնհեմը օրակարգ է վերադարձրել Բրիտանիայի եվրոպական ապագայի հարցը՝ մինչև ԵՄ-ին լիարժեք անդամակցության հնարավորությունը։ Տասը տարին բավարար եղավ, որպեսզի Բրիտանիան սեփական փորձով գնահատի Եվրոպայի հետ կապերի տնտեսական ու քաղաքական արժեքը։
2016-ին Բրիտանիան փակեց ԵՄ անդամակցության էջը։ Տասը տարի անց այդ էջը նորից բացվում է՝ արդեն Brexit-ի տասնամյա փորձից հետո՝ դրա գինը և արդյունքները վերագնահատելու պահանջով։
Brexit-ի առանցքային խոստումը ազգային ինքնիշխանության վերականգնումն էր։ Տասը տարին ցույց տվեց, որ ինքնիշխանությունը միայն անկախ որոշումներ ընդունելու իրավունքը չէ։ Այն նաև ուժ է՝ այդ որոշումները տնտեսական արդյունքի, քաղաքական ազդեցության և անվտանգության վերածելու համար։ Պետության ուժը նաև շուկաների հասանելիությունն է, տնտեսական կշիռը և գործընկերների հետ արդյունավետ գործելու կարողությունը։ Brexit-ից հետո այս հնարավորությունների մի մասը սահմանափակվեց․ առևտուրը դարձավ ավելի բարդ ու ծախսատար։ Մեծ Բրիտանիայի Բյուջետային պատասխանատվության գրասենյակի գնահատմամբ՝ Brexit-ի հետևանքով բրիտանական տնտեսությունը երկարաժամկետում կարող է մոտ 4 տոկոսով պակաս արդյունավետ լինել։
Բերնհեմի խոսքը նորից առաջ է բերում հիմնական հարցը՝ ինչ է տալիս պետությանը ԵՄ-ից դուրս լինելը և ինչ հնարավորություններից է այն զրկում։ Տասը տարի անց այս քննարկումն արդեն գնահատվում է ոչ թե կարգախոսներով, այլ տնտեսական արդյունքով, շուկաների հասանելիությամբ և քաղաքական ազդեցությամբ։
Մակրոնը այսօր Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև Բրիտանիայի հնարավոր վերադարձին ԵՄ։ Մակրոնի Welcome back-ը ցույց տվեց, որ Բրիտանիայի վերադարձը ԵՄ-ում այլևս անհավանական գաղափար չի համարվում։ Այն աստիճանաբար վերածվում է հնարավոր քաղաքական սցենարի։
Տարիներ շարունակ Brexit-ը եվրոպական ազգայնական ուժերի գլխավոր օրինակներից էր․ եթե Բրիտանիան կարողացավ դուրս գալ ԵՄ-ից, նույնը կարող են անել նաև մյուսները։ Այսօր այդ փաստարկը կորցնում է ուժը։ Բրիտանական փորձը ցույց տվեց, որ դուրս գալը միայն քաղաքական որոշում չէ, այլ երկարաժամկետ տնտեսական ու ռազմավարական հաշվարկ։ Հիմա ուշադրության կենտրոնում արդեն ոչ թե հեռանալու հնարավորությունն է, այլ դրա գինը։
Ֆրանսիայի «Ազգային միավորումը» արդեն հրաժարվել է Frexit-ի գաղափարից, իսկ Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը շարունակում է կոշտ եվրասկեպտիկ դիրքորոշումը։ Բրիտանական փորձը երկուսի համար էլ անհարմար փաստարկ է դարձել։ Երբ ԵՄ-ից հեռացած Բրիտանիան տասը տարի անց արդեն քննարկում է վերադարձի հնարավորությունը, Brexit-ը դժվար է պահել որպես հաջողված նախադեպ և մյուսների համար պատրաստի ճանապարհ։
Brexit-ը նաև Ռուսաստանի համար շահավետ աշխարհաքաղաքական զարգացում էր։ Ավելի մասնատված Եվրոպան թուլացնում է միասնական դիրքորոշումները պաշտպանության, պատժամիջոցների և էներգետիկ անվտանգության հարցերում։ 2016-ի հանրաքվեի ընթացքում նույնիսկ ռուսական ազդեցության փորձերի մասին տեղեկություններ հրապարակցին։
Այսօր Եվրոպան արդեն ապրում է այլ անվտանգային իրականության մեջ։ ԵՄ-ն արագ ընդլայնում է պաշտպանական կարողությունները․ Readiness 2030-ը և SAFE-ի 150 միլիարդ եվրոյի վարկային գործիքը միտված են ընդհանուր պաշտպանական ներուժի ուժեղացմանը, իսկ ավելի լայն ծրագրերով նախատեսվում է մոբիլիզացնել մինչև 800 միլիարդ եվրո։ Բրիտանիան էլ ավելի սերտ է կապվում եվրոպական անվտանգության համակարգին։ Սեպտեմբերին Էնդի Բերնհեմն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են ռուսական հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվությանը համատեղ հակազդելու ուղիները։ Այս ֆոնին Բրիտանիայի հնարավոր վերադարձը ԵՄ նաև եվրոպական անվտանգության և ուժերի հավասարակշռության հարց է։
Բրիտանիայի հնարավոր վերադարձը ԵՄ կփոխի նաև Եվրոպայի ռազմավարական կշիռը։ Խոսքը միջուկային պետության, Եվրոպայի առաջատար ռազմական ուժերից մեկի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամի մասին է։ Նրա վերադարձը կուժեղացնի եվրոպական միասնականության քաղաքական և անվտանգային հիմքը։ Ռուսաստանի համար նման Եվրոպան շատ ավելի դժվար միջավայր է՝ ավելի համախմբված պաշտպանությամբ, ավելի մեծ քաղաքական կշռով և արտաքին ճնշումներին դիմակայելու ավելի բարձր կարողությամբ։
Բրիտանական փորձը կարևոր է նաև Հայաստանի համար։ Հայաստանը արդեն սկսել է ԵՄ անդամակցության գործընթացը և եվրոպական ինտեգրումը դարձրել պետական քաղաքականության մաս։ Այդ ճանապարհին Լոնդոնի այս շրջադարձը կարևոր դրվագ է։
ԵՄ-ից հեռացած Բրիտանիան տասը տարի անց նորից քննարկում է ավելի սերտ ինտեգրումը և վերադարձի հնարավորությունը։ Սա ուժեղ փաստարկ է այն մտքի օգտին, որ եվրոպական ինտեգրումը միայն գաղափարական ընտրություն չէ։ Այն վերաբերում է շուկաներին, ներդրումներին, անվտանգությանը, քաղաքական ազդեցությանը և երկրի զարգացման հնարավորություններին։
Հայաստանի համար այս փորձի արժեքը հենց այստեղ է։ Եվրոպական ընտրությունը պետք է դիտարկել երկարաժամկետ հաշվարկով։ Փոքր պետության համար լայն տնտեսական ու քաղաքական համակարգի մաս լինելը կարող է նշանակել ավելի մեծ դիմակայունություն, ավելի կանխատեսելի միջավայր և ավելի լայն հնարավորություններ։
Բրիտանական փորձը ցույց տվեց, որ ԵՄ-ից հեռանալու իրական գինը բացվում է ժամանակի ընթացքում։ Հայաստանի համար սա կարևոր ուղերձ է․ եվրոպական ուղղությունը պետք է գնահատել երկրի երկարաժամկետ զարգացման, անվտանգության և պետական կարողությունների տեսանկյունից։