2001+-ի պետությունը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

2001+-ի պետությունը

01-10-2026 19:55 Հայաստան Քաղաքականություն
2001+-ի պետությունը
1in.am  Times Higher Education-ի 2027 թվականի վարկանիշում Երևանի պետական և Հայաստանի եվրոպական համալսարանները հայտնվել են 2001+ խմբում։ Այս վարկանիշը ցույց է տալիս ոչ միայն համալսարանների վիճակը, այլ Հայաստանի տեղը գիտելիքի և նորարարության համաշխարհային համակարգում։  Բուհերի դիրքը ցույց է տալիս երկրի գիտական ներուժը, տեխնոլոգիական կարողությունը և տնտեսության զարգացման մակարդակը։ Այս ցուցանիշը կրթության վիճակագրությունից ավելի մեծ նշանակություն ունի։ Այն ցույց է տալիս Հայաստանի գիտական ներուժի իրական ծավալը և այն, թե այդ ներուժն ինչպես է անդրադառնում տեխնոլոգիական զարգացման, տնտեսության որակի ու պետության երկարաժամկետ ուժի վրա։
 
Ժամանակակից համալսարանը երկրի զարգացման հիմնական կենտրոններից է։ Այստեղ գիտելիքը վերածվում է հետազոտության, հետազոտությունը՝ տեխնոլոգիայի, իսկ տեխնոլոգիան՝ նոր արտադրության ու բիզնեսի։ Ուժեղ համալսարաններն իրենց շուրջ ստեղծում են գիտական, ինժեներական և ձեռնարկատիրական միջավայր, որը ժամանակի ընթացքում փոխում է նաև երկրի տնտեսության կառուցվածքը։
 
Տարածաշրջանային համեմատությունը Հայաստանի խնդիրը ավելի տեսանելի է դարձնում։ Հարևան երկրներից մի քանիսը ոչ միայն ավելի լայն ներկայություն ունեն վարկանիշում, այլև ավելի բարձր դիրքեր։ Հայաստանի երկու համալսարաններն էլ 2001+ խմբում են, և այդ փաստը արդեն խոսում է գիտության ու բարձրագույն կրթության համակարգային համակարգային խնդիրների ասին։
 
Այս վարկանիշը ցույց է տալիս համալսարանի գիտական կշիռը, հետազոտությունների ազդեցությունը և գիտելիքը երկրի զարգացման մեջ օգտագործելու կարողությունը։ Այդ իմաստով բուհի արդյունքը նաև պետության գիտական ու տեխնոլոգիական ներուժի մասին է խոսում։ Այդ պատճառով համալսարանի բարձր վարկանիշը նաև երկրի գիտական, տեխնոլոգիական և տնտեսական ներուժի արտահայտությունն է։
 
Հայաստանի համար կրթությունը շատ ավելի լայն նշանակություն ունի։ Ժամանակակից պետության ուժը կախված է նաև գիտություն ստեղծելու, տեխնոլոգիա զարգացնելու և բարդ արտադրություն կազմակերպելու կարողությունից։ Համալսարանները, լաբորատորիաները և ինժեներական կենտրոնները դարձել են տնտեսության, անվտանգության ու ինքնուրույնության կարևոր հենարաններ։ Գիտելիքն այսօր պետության ուժի, կարողության, դիմակայունության հիմնական աղբյուրներից է։
 
Ուժեղ համալսարանները վաղուց դարձել են պետությունների զարգացման և մրցունակության հիմնական հենարաններից մեկը։ ԱՄՆ-ի տեխնոլոգիական գերազանցության հիմքում կանգնած են MIT-ը, Stanford-ը, Harvard-ը և Berkeley-ն։ Չինաստանի վերելքն անհնար է հասկանալ առանց Tsinghua-ի և Peking University-ի, Հարավային Կորեայի տնտեսական թռիչքը՝ առանց համալսարանների ու տեխնոլոգիական ընկերությունների երկար համագործակցության, իսկ Իսրայելի գիտական և պաշտպանական կարողությունը՝ առանց Technion-ի, Hebrew University-ի և Weizmann Institute-ի։ Ուժեղ համալսարանները ոչ միայն կրթում են, այլև ձևավորում են պետության տնտեսական և տեխնոլոգիական ներուժը։
 
Այս երկրների փորձը նույն օրինաչափությունն է հաստատում։ Գիտելիքը տնտեսական ուժ է ստեղծում, իսկ ուժեղ տնտեսությունը նոր գիտելիք է ֆինանսավորում։
 
Հայաստանի հիմնական խնդիրը ցածր վարկանիշը չէ, այլ այն համակարգը, որն այդ տեղը ձևավորում է։ Համալսարանները դեռ լիարժեք չեն դարձել գիտության, տեխնոլոգիայի և տնտեսության հանդիպման վայր։ Հետազոտությունը հաճախ մնում է ակադեմիական շենքում, բիզնեսի հետ կապը թույլ է, միջազգային գիտական ներգրավվածությունը՝ սահմանափակ։ Այդ պատճառով հայաստանյան բուհերը քիչ են մասնակցում նոր արտադրությունների, տեխնոլոգիաների և տնտեսական ոլորտների ձևավորմանը։
 
Այստեղ արդեն խոսքը երկրի զարգացման որակի և ապագա հնարավորությունների մասին է։ Գիտական ու տեխնոլոգիական ամուր հիմք չունեցող պետությունը ավելի կախված է ներմուծվող տեխնոլոգիաներից, արտաքին կապիտալից և պատրաստի լուծումներից։ Այդ կախվածությունը ժամանակի ընթացքում սահմանափակում է նաև զարգացման տեմպը, տնտեսական ընտրության ազատությունն ու պետական ինքնուրույնությունը։
 
Թույլ գիտական ու տեխնոլոգիական հիմքը մեծացնում է երկրի կախվածությունը արտաքին շուկաներից, կապիտալից, սարքավորումներից և պատրաստի տեխնոլոգիաներից։ Միաժամանակ թուլանում են գիտական դպրոցները, աճում է մասնագետների արտահոսքը։ Այս ամենը ժամանակի ընթացքում նվազեցնում է երկրի տնտեսական ճկունությունն ու քաղաքական ինքնուրույնությունը։
 
Համալսարանի ուժը կապված է նաև պետության ինքնուրույնության հետ։ Հայաստանի աշխարհագրությունը, փոքր շուկան և սահմանափակ ռեսուրսները երկար ժամանակ կմնան նույնը։ Այդ պայմաններում երկրի ամենակարևոր առավելություններից մեկը մարդն է՝ նրա գիտելիքը, կրթությունը և նոր արժեք ստեղծելու կարողությունը։ Սակայն մարդկային կապիտալը չի ձևավորվում միայն հայտարարություններով․ այն պահանջում է ուժեղ համալսարաններ, զարգացած գիտություն և երկարաժամկետ հետևողական աշխատանք։
 
Այդ ճանապարհը պահանջում է երկարաժամկետ համակարգային փոփոխություններ՝ միջազգային մակարդակի համալսարաններ, գիտնականների համար մրցունակ պայմաններ, կայուն հետազոտական ֆինանսավորում, օտարերկրյա մասնագետների ներգրավում, սփյուռքի ակադեմիական ներուժի կապ Հայաստանի հետ, անգլալեզու ծրագրեր և գիտության ու բիզնեսի իրական համագործակցություն։
 
Մեր անմիջական հարևանների փորձը ցույց է տալիս, որ գիտակրթական համակարգի փոփոխությունները ձևավորվում են տարիների հետևողական աշխատանքի արդյունքում։
 
Ադրբեջանը տարիներ շարունակ ներդրումներ է կատարել համալսարանների միջազգայնացման, օտարերկրյա գործընկերությունների և հետազոտական կարողությունների զարգացման մեջ։ Վրաստանը բարձրագույն կրթությունը աստիճանաբար մոտեցրել է եվրոպական ակադեմիական չափանիշներին։ Արդյունքները դեռ ամբողջական չեն, սակայն փոփոխությունները տեսանելի են։ THE-ի տվյալներով՝ Ադրբեջանի և Վրաստանի առաջատար համալսարանները գտնվում են հայկական բուհերից ավելի բարձր խմբերում, իսկ վարկանիշում ներկայացված բուհերի թիվը նույնպես զգալիորեն ավելի մեծ է։
 
Հայաստանի համար 2001+ խմբում հայտնվելը նախազգուշացում է։
 
Հայաստանը փորձում է խորացնել կապերը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ, ներգրավել տեխնոլոգիաներ, կապիտալ և նոր արդյունաբերություն։ Սակայն արտաքին հնարավորությունները երկարաժամկետ արդյունք են տալիս միայն այն դեպքում, երբ երկրի ներսում կա դրանք օգտագործելու կարողություն։ Համագործակցությունը կարող է բերել ներդրումներ, շուկաներ և նոր տեխնոլոգիաներ, բայց դրանք ազգային ուժի են վերածվում միայն այն ժամանակ, երբ կան գիտնականներ, ինժեներներ, տնտեսագետներ և կառավարման կարող համակարգեր։
 
Հակառակ դեպքում երկիրը դառնում է պատրաստի լուծումներ ընդունող, ոչ թե նոր արժեք ստեղծող։
 
Այսօր պետությունների ուժը չափվում է ոչ միայն տարածքով կամ բնական ռեսուրսներով, այլ գիտական կենտրոններով, լաբորատորիաներով, արտոնագրերով, ինժեներներով և համալսարաններով։
 
Հայաստանի 2001+ արդյունքը միայն կրթության ոլորտի խնդիր չէ՝ այն երկրի երկարաժամկետ զարգացման, մրցունակության և անվտանգության հարց է։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 14 անգամ